Առաջին մանրամասները Մենչի հումորային սերիալից․ Լուիզա Ներսիսյանի ու Գոռ Հակոբյանի սիրային պատմությունն ու դերասանական ամբողջական կազմը

1 տարվա դադարից հետո Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, սկսում է նոր նախագիծ, որը կոչվում է «Սիրո հասակ»։ Պրոդյուսերը 4-5 օրով է Հայաստանում, կկարգավորի տեխնիկական խնդիրներն ու կվերադառնա ԱՄՆ, որտեղից էլ կշարունակի աշխատանքները։

Մենչը Tert.am Life–ին հայտնել է, որ նախագծում խաղում են Գոռ Հակոբյանը, Լուզիա Ներսիսյանը, Գրիգոր Դանիելյանը, Աղաս Մանուկյանը, Եվա Բաղդասարյանը, Գարիկ Սեփխանյանը, Անիտա Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Էմմա Սապունջյանը, Վահան Թովմասյանը, Էրմինա Զախարովան, Ելենա Բորիսենկոն, Իլոնա Մկրտչյանը և այլք։

Այս անգամ Մենչը ներկայացնում է ոչ թե սիթքոմ, այլ 24 մասանոց հումորային սերիալ, որն ունի սիթքոմի տարրեր, սակայն տաղավարում չի նկարահանվելու, ինչը բնորոշ է սիթքոմի ժանրին։

«Հիմքում սիրային պատմություն է այն մասին, թե ինչպես է մի կին սիրահարվում իրենց 15–20 տարի փոքր տղայի։ Կնոջը մարմնավորում է Լուիզա Ներսիսյանը, տղային՝ Գոռ Հակոբյանը»,– պատմեց նա։

Մենչի խոսքով՝ նախագիծը նախատեսված է 1 եթերաշրջանի համար և ունի ավարտուն վերջաբան։ Երկրորդ եթերաշրջան առայժմ չեն նախատեսում։ «Եթե որոշենք շարունակել, նախ պետք է սցենարային շարունակության գիծ գտնենք, որովհետև ոչ բոլոր սցենարներն ես կարողանում համարժեք շարունակել։ Եթե պիտի անես ավելի վատ, իմաստ չունի շարունակել։ Այս դեպքում պատմությունն ավարտվում է։ Թե ինչ կորոշենք հետո, ինքս էլ չգիտեմ»,- ասաց նա։

Tert.am Life–ին հայտնի էր դարձել, որ Մենչը մտադիր էր այլ նախագիծ սկսել, սակայն ծրագրերը փոխել է վերջին պահին։ Պրոդյուսերը հաստատեց մեր տեղեկությունն ու ասաց, որ այն նախագիծը, որը հիմա հետաձգել են, կսկսեն ամռանը, քանի որ նկարահանումները հիմնականում դրսում են լինելու։ «Իմ կարծիքով՝ հայկական իրականության մեջ դա լինելու է նոր որակի սիթքոմ»,– ասաց նա։