«Գահերի խաղի» աստղը տառապել է հարբեցողությունից. կինը մանրամասներ է պատմել

35-ամյա դերասանուհի Ռոուզ Լեսլին պատմել է, թե ինչպես է ամուսինը՝ 35-ամյա դերասան, «Գահերի խաղը» սերիալի աստղ Քիթ Հարինգթոնը, ապաքինվել ալկոհոլային կախվածությունից։ Այս մասին նա հայտարարել է Harper’s Bazaar-ին տված հարցազրույցում։

Լեսլին պատմել է, որ մի քանի տարի է, ինչ ամուսինը, ինչպես նաև ինքը, ապրում են սթափ վիճակում։

2019 թվականին «Գահերի խաղի» նկարահանումներն ավարտելուց հետո Հարինգթոնը կախվածություն է ձեռք բերել ալկոհոլից, տառապել է ընկճախտից: Այնուհետ դերասանը դադարեցրել է իր կինոկարիերան և բուժման համար գնացել վերականգնողական կենտրոն։

Լեսլիի խոսքով՝ ամուսնու համար փրկություն է դարձել անանուն հարբեցողների ընկերակցությունը։

«Անանուն հարբեցողները նրան ստիպեցին զգալ, որ ինքը մենակ չէ, լսված է: Իսկ եթե վերականգնումը չլիներ, հիմա նա բոլորովին այլ վիճակում կլիներ»,- ասել է կինը։

Հարինգթոնի կինը նաև ասել է, որ ո՛չ ինքը, ո՛չ այլ մարդիկ չեն կարող պատասխանատվություն կրել Քիթի պահվածքի համար։

«Նրանից է կախված՝ կորոշի՞ նորից խմել։ Ոչ ոք չի կարող խանգարել նրան անել այն, ինչ նա որոշել է անել… Ես չեմ ուզում այդ ճնշումը գործադրել նրա վրա։ Նա պատասխանատու է իր վարքի համար։ Ես չպետք է պաշտպանեմ նրան սրանից»,- ասել է դերասանուհին։