«Վիժումներն ինձ սովորեցրին համակերպվել կորստյան ցավին». Բեյոնսե

Հանրահայտ երգչուհի Բեյոնսեն Elle ամսագրի հետ զրույցում խոսել է իր վիժումների և դրանց հետևանքների մասին:

2012-ին դստեր՝ Բլու Այվիի ծննդից հետո, Բեյոնսեի ամուսինը՝ հանրահայտ ռեփ կատարող JAY-Z-ն, հարցազրույցներից մեկի ժամանակ հայտնել էր, որ նախքան Բլուի ծնվելը, ստիպված են եղել համակերպվել երեխայի կորստյան ցավին:

Այժմ Բեյոնսեն խոստովանում է, որ այդ ցավն իրեն շատ բան է սովորեցրել:

«Հաջողությունն ինձ համար այժմ այլ նշանակություն ունի: Սովորեցի, որ ցավն ու կորուստն, իրականում, ընծաներ են»,- հայտնել է Բեյոնսեն և հավելել. «Վիժումներն ինձ սովորեցրին, որ որևէ մեկի համար մայր լինելուց առաջ, նախևառաջ պետք է ինքս իմ մայրը լինեմ: Հետո ծնվեց Բլուն, և իմ՝ կյանքումս իմաստ փնտրելու որոնումներն ավելի մեծ խորհուրդ ստացան: Մահացա ու վերածնվեցի»:

Բեյոնսեի խոսքով՝ «առաջինը լինելն այլևս իր առաջնահերթությունը չէ». նրա նպատակն իրական արվեստի գործերի և ժառանգության ստեղծումն է, որը կապրի նաև նրանից հետո:

Հարցին, թե ինչպես է վերաբերում իր արտաքինի վերաբերյալ մեկնաբանություններին, երգչուհին պատասխանել է. «Երեխաներս ու տարիքը սովորեցրել են ինձ գնահատել իմ ֆիզիկական հատկանիշներից այն կողմ»:

Բեյոնսեն և JAY-Z-ն ունեն նաև երկվորյակներ, որոնք լույս աշխարհ են եկել 2017 թվականին: