Կյանքս այդ ամենից հետո շատ է փոխվել․ Նանե Ավետիսյանը՝ պատերազմից մինչև ֆրանսիական պարբերականներ

«Միսս Տիեզերք Հայաստան 2021» մրցույթում հաղթած և Իսրայելում Հայաստանը ներկայացրած Նանե Ավետիսյանը վերջերս մասնակցել էր աշխարհահռչակ դիզայներ Jacob Meir-ի նորաձևության ցուցադրությանը։ Նշենք, որ Jacob Meir-ը մեծ հեղինակություն ունի արտերկրում։ Նրա հետ համագործակցում են այնպիսի նշանավոր դեմքեր, ինչպիսիք են՝ Ջենիֆեր Լոպեսը,  Բեյոնսեն, Փերիս Հիլթոնը, Քեթի Փերին և այլք։

«Իսկակես հաջողված համագործակցություն էր․ նրա հետ համագործակցում են համաշխարհային դեմքեր։ Շատ լավ փորձ էր ինձ համար»,- Showbiz.am-ի հետ զրույցում ասաց Նանե Ավետիսյանը։

Նանեի խոսքով՝ մրցույթի տիտղոսակիր դառնալուց հետո, առհասարակ, մոդելային ոլորտից շատ առաջարկներ է ստանում, այդ թվում՝ մասնակցում է տարատեսակ ֆոտոշարքերի։

«Այդ ամենը անում եմ շատ մեծ հաճույքով, երբեմն գումարն առաջնային չի լինում, սակայն բրենդը, որը պետք է ներկայացնեմ շատ եմ կարևորում։ Մեծ սիրով եմ աշխատում հատկապես հայկական բրենդների հետ, ասեմ ավելին՝ նրանց առավել մեծ նախապատվություն եմ տալիս։ Ամռանը մեկնելու եմ Ֆրանսիա, հայկական զարդերի համար նկարահանվելու առաջարկ ունեմ»,- ասաց Նանեն։

Ի դեպ, նշենք, որ սա առաջին անգամը չէ, երբ Ֆրանսիայում ապրողները հետաքրքրվում են Նանեի գործունեությամբ Վերջերս հայ մոդելը հայտնվել է ֆրանսիական հեղինակավոր ԶԼՄ-ի՝ «Brut»-ի ուշադրության կենտրոնում։ Ամենամեծ լսարան ունեցող ֆրանսիական մեդիա ներկայացուցիչներից մեկը հայ մոդելի մասնակցությամբ տեսանյութ էր պատրաստել։

«Մեծ պատիվ էր, որ համագործակցել եմ նման հեղինակավոր պարբերականի հետ։ Այն մեծ մասսայականություն է վայելում Ֆրանսիայում․ մոտ 3 միլիոն հետևորդ Instagram-ում, մոտ 4 միլիոն՝ Facebook-ում, 1․5 միլիոն Youtube-ում և այլն։ «Brut»-ի տարածվածության և ընթերցողների մեծ բանակի մասին նույնիսկ խոսելն է ավելորդ։ «Brut»-ը փորձել է նաև իմ միջոցով ցույց տալ, թե ինչ է կատարվում մեր երկրում։ Նրանց հատկապես հետաքրքրել էր այն պահը, որ հայ մոդելն անհրաժեշտությամբ դեպքում կարող  է զենք վերցնել՝ պաշտպանելու իր հայրենիքը»,- մեզ հետ զրույցում ասաց Նանեն։

Ըստ մոդելի՝ հիմնական շեշտադրումն արված էր հայ կնոջ և պատերազմական իրավիճակի վրա․

«Ֆրանսիական պարբերականի ուշադրության կենտրոնում հայտնվեցի նաև ծավալածս գործունեության շնորհիվ։ Ռազմական պատրաստություն էի անցնում, որտեղ ինձ նկատեց ֆրանսիական հայտնի «Le Figaro» պարբերականի լրագրող Աստղիկը՝ առաջարկելով հարցազրույց վերցնել հենց իրենց համար։ Ինչ խոսք, հպարտանալու ևս մեկ առիթ է, քանի որ «Le Figaro»-ն Ֆրանսիայում ևս մեծ հեղինակություն ունեցող պարբերական է։ Դրան էլ հաջորդեց «Brut»-ի առաջարկը։ Ինձ համար մեծ պատիվ է, որ կարող եմ մեր երկրի մասին խոսել նման մեծ լսարան ունեցող պարբերականների միջոցով»։

Ըստ Նանեի՝ հաշվի առնելով մեր թշնամիների վարքագիծը, մասնավորապես՝  Արցախում այս պահին տիրող իրավիճակը, ցանկացած հայ պետք է ունենա ռազմական գիտելիքներ, ընդ որում՝ անկախ սեռից։

«Դեռ 2020-ից սկսած անդադար մտածում էի ռազմական պատրաստություն անցնելու մասին։ Փորձում էի գիտելիքներ ձեռք բերել այդ ոլորտի մասին, տեսանյութեր էի դիտում, սակայն որոշումս հստակեցրի սեպտեմբերին տեղի ունեցած ադրբեջանական հարձակումից հետո, հասկացա, որ պատերազմին պետք է միշտ պատրաստ լինել։ Կյանքս այդ ամենից հետո շատ է փոխվել, չեմ կարող չխոստովանել, որ ռազմական պատրաստություն ունենալը դժվար էր համատեղել իմ բազմազբաղ առօրյայի հետ, սակայն մեծ ցանկություն ունեի համատեղելու։ Առհասարակ, բոլորին եմ հորդորում, եթե ցանկանում են մեր երկիրը տեսնել հզոր, ապա ռազմական նվազագույն գիտելիքներ պետք է ունենան, որոնք ամեն պահի կարող են պետք գալ, թեպետ ինքս ինձ անդադար ասում եմ, որ երանի այս գիտելիքներն ինձ երբեք պետք չգան, սակայն մեր տղաները միշտ պետք է իմանան, որ իրենց հետ ենք»։

Մեզ հետ զրույցում Նանեն ասաց, որ գեղեցկության մրցույթն իր կյանքում բեկումնային է եղել, այդ հաջողությունից հետո նա նաև միջոցառումներ վարելու առաջարկներ է ստանում։

«Առաջարկները տարբեր են՝ դասական համերգներից մինչը դեսպանատների կողմից կազմակերպված միջոցառումներ։ Ի դեպ, հասկացա, որ պետք է  այս աշխատանքի մեջ էլ հմտանամ, այդ պատճառով հատուկ դասընթացների եմ հաճախում, որպեսզի որպես հաղորդավար հմուտ ներկայանամ։ Չեմ թաքցնի՝ հենց այս աշխատանքն եմ ամենից շատը սիրում։Շատերին կարող է թվալ, որ միջոցառումները վարելը բարդ չէ, սակայն կարծում եմ, որ հենց հանդիսավարն է ստեղծում կապը լսարանի և միջոցառման միջև, ինչը բարդ է։ Ընդ որում, միջոցառումները վարում եմ ինչպես հայերեն, այնպես էլ ֆրանսերեն և անգլերեն։ Կարծում եմ, որ մարդուն տրված էներգիան իրականում այնքան շատ է, որ կարող է տարբեր աշխատանքներ կատարել։ Ի վերջո, տարիներ հետո մենք ինքներս մեզ շնորհակալ կլինենք, եթե հետ նայենք և տեսնենք, որ շատ աշխատանք են կատարել։ Ցանկանում եմ նաև ընդգծել, որ այս ամենին զուգահեռ աշխատում են «Թովմասյան» հիմնադրամում, ինչի արդյունքում բարեգործական աշխատանքը կյանքիս կարևորագույն մասն է դարձել»։

Ամփոփելով տարին՝ Նանեն նշեց, որ այն իր համար բավական հագեցած և աշխատանքային էր։ Գեղեցկուհին հատուկ ընդգծեց, որ իր հետագա գործունեությունը պատկերացնում է Հայաստանում։