«Երաժշտության և խոսքերի հեղինակները տարբեր մարդիկ են եղել, մենք գնել ենք երգը, իսկ որոշակի պարզաբանումներից հետո այն հեռացրել ենք յութուբյան էջից». Սարգիս Աբրահամյանի պրոդյուսեր

Ամերիկաբնակ հաղորդավարներ Մհեր Բաղդասարյանը և Արա Ղազարյանը «Օձի լեզու» հաղորդաշարի ընթացքում անդրադարձել են երգիչ Սարգիս Աբրահամյանին: Նրանց հավաստմամբ երգչի «Հեչել-հեչել» երգն ունի ադրբեջանական ծագում: Հաղորդավարները հորդորել են հեռացնել տեսահոլովակն, ինչի արդյունքում շուրջ երկու միլիոն դիտում ունեցող հոլովակը հեռացվել է:

Tert.am Life-ի հետ զրույցում երգչի պրոդյուսերը՝ Հարություն Մովսեսյանը մանրամասներ է ներկայացրել ստեղծված իրավիճակի և երգի մասին: 

«Աղմուկ բարձրացրած երգի երաժշտության հեղինակը մի մարդ է եղել, իսկ խոսքերի հեղինակը` այլ: 
Սարգիսը ընդհանրապես այս երգի խոսքերի վրա չի աշխատել, ինքը չի գրել, մենք երկուսն էլ գնել ենք ու իրականում այդ ժամանակ ուղղակի չէինք կարող կռահել, որ երաժշտությունը նման է ադրբեջանական ինչ-որ երգի: Մենք արդեն խոսել ենք երաժշտության հեղինակի հետ, հիմա ճիշտ չեմ համարում բարձրաձայնել անունները, բայց ունենք այն ինչ ունենք»,- ասաց Հարություն Մովեսյանը: 

Նա նշեց, որ ոլորտից ոչ-ոք ապահովագրված չէ նման իրավիճակներից քանի որ մի շարք երգեր կարող են նման լինել միմյանց:

«Ուզում եմ ասել՝ մեր իրակաության մեջ, ցավոք սրտի, շատ-շատ են նման դեպքերը, երբ մեր հայ շոու-բիզնեսի ներկայացուցիչները երգում են թուրքական, ադրբեջանական, արաբական մոտիվներով երգեր»,- ասաց նա:

Պրոդյուսերը նաև տեղեկացրեց, որ հեռախոսազրույց է ունեցել հաղորդավար Արա Ղազարյանի հետ՝ պատմելով երգի ստեղծման պատմությունը: 

«Արան շատ շոյված էր մեր արձագանքից, հորդորում եմ դիտել հաջորդ հաղորդումը՝ ակնկալելով ադրադարձ այս թեմային: Հարկ եմ համարում նշել, որ տեսանյութը հեռացված է»,- ասաց պրոդյուսեր: