« Չուներ ոչինչ, բայց դարձավ համաշխարհային մեծություն». կայացավ «Ազնավուր» ներկայացման պրեմիերան

Շառլ Ազնավուրի մահվան տարելիցին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը ներկայացրեց նրա հիշատակին նվիրված «Ազնավուր» համերգ-ներկայացումը:
Նարեկ Բաղդասարյանը, Ստեփան Ղամբարյանը և Ալլա Սահակյանը բեմում պատմեցին Ազնավուրի մասին՝ միաժամանակ մարմնավորելով մեծն շանսոնյեի և նրան շրջապատող մարդկանց դերերը:

«Ազնավուր» ներկայացման հիմքում աշխարհահռչակ շանսոնյեի կյանքի պատմությունն է՝ ծնունդից մինչև Փարիզի հանրահայտ «Օլիմպիա» համերգասրահում իր հաղթանակը, որի շնորհիվ էլ նրան ճանաչեց ողջ աշխարհը:
Այս երաժշտական ներկայացումն իր տեսակով նորություն էր, որովհետև գործողությունների զարգացման ողջ ընթացքը ուղեկցվում էր կենդանի նվագակացությամբ, երգերով, դուետներով, մենապարերով, զուգապարերով:
Բեմադրության ժամանակ Ազնավուրի երագացանկի ստեղծագործությունները ներկայացվում էին նոր, ջազային մոտեցմամբ, ինչը հանրահայտ ջազմեն, կոմպոզիտոր Գարի Քյոսայանի մտահաղացումն էր, ով ողջ ընթացքում բեմում արտիստների հետ էր:

Ներկայացման հիմնական ուղերձը հայի հաղթանակն է, որովհետև սա պատմություն էր մի մարդու մասին, ով չունենալով ոչինչ՝ կարողացավ դառնալ համաշխարհային մեծություն և ապացուցեց՝ եթե մարդը հավատում է ինքն իրեն, ապա չպետք է ընկճվի դժվարություններից, այլ քրտնաջան աշխատանքի շնորհիվ փորձի հասնել բաղձալի բարձունքին, ինչն էլ արեց Ազնավուրը։