Ռեփեր Վիզ Խալիֆային Ռումինիայի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել թմրանյութ պահելու մեղադրանքով։ Ռեփերը 2024 թվականին ձերբակալվել էր Ռումինիայում՝ «Beach, Please!» փառատոնի ժամանակ բեմում մարիխուանա օգտագործելու համար։ Կոստինեշտի հանգստավայրում անցկացված համերգից հետո նրա մոտ հայտնաբերվել էր 18 գրամ մարիխուանա։ Քննության ընթացքում նա մնացել էր ազատության մեջ և լքել երկիրը։ Գրում է Radar-ը:
Ռումինիայի ոստիկանության տվյալներով՝ Վիզ Խալիֆան դատապարտվել է 9 ամսվա ազատազրկման՝ վտանգավոր թմրանյութ պահելու համար։ 2026 թվականի գարնանը երաժիշտը փորձել է բողոքարկել վճիռը, սակայն դատարանը թողել է այն ուժի մեջ։ Նա նախկինում բազմիցս հանդես է եկել թմրանյութերի օրինականացման օգտին։ Ռումինիայում մարիխուանայի օգտագործումն անօրինական է։














