Օրերս Հովհաննես Դավթյանը կրկին բեմում էր՝ ներկայացնելով «ԻմPROվիզ» stand up ծրագիրը։ Դերասանը Showbiz.am-ի հետ զրույցում պատմեց, որ այս ներկայացման ստեղծման վրա աշխատել են շուրջ 20-25 օր։
«Չգիտեմ՝ լավ է, թե վատ, բայց մենք արդեն հմտացել ենք, վարժվել ենք, և յուրաքանչյուր ներկայացում գրում ենք 20-25 օրում։ Իհարկե, մինչ այդ մտածում ենք կոնցեպտը, ներկայացման հիմնական սյուժետային գիծը, ինչպես ասում են՝ ողնաշարը, կարևոր կետերը՝ որտեղից ենք սկսում, ինչպես ենք զարգացնում, ուր ենք հասնում, ինչպես ենք ավարտում։ «ԻմPROվիզը», ինչպես իմ մյուս ներկայացումները, մեր առօրյայի, սոցիալական խնդիրների, հայ ժողովրդի լավ ու վատ կողմերի, հետաքրքիր ու ծիծաղելի առանձնահատկությունների մասին է։ Գլխավոր գաղափարն այն է, որ մեր կյանքում ամեն ինչ իմպրովիզ է, և կյանքն ինքնին իմպրովիզ է։ Ամեն մարդ առավոտյան արթնանում է՝ չիմանալով, թե ինչ է իրեն սպասվում, ինչ ճանապարհ է անցնելու, ինչ լավ ու վատ անակնկալների, դեպքերի ու իրադարձությունների է հանդիպելու։ Հենց դրանով էլ կյանքը հետաքրքիր է։
Եթե նախապես իմանայիր, թե ինչ է քեզ սպասվում այդ օրը, այդ ամիսը կամ ամբողջ կյանքում, երբ է լավը լինելու, երբ՝ վատը, երբ ես հաջողության հասնելու, երբ՝ մահանալու, պատկերացրեք՝ որքան անհետաքրքիր կլիներ կյանքը։ Կարծում եմ՝ կյանքը հետաքրքիր է հենց իր անսպասելիությամբ, և պետք է դրան վերաբերվել որպես իմպրովիզի։
Ամեն օր պետք է արթնանալ սիրով, շնորհակալ լինել Աստծուն այդ օրվա, այդ լուսաբացի համար, շնորհակալ լինել, որ ապրում ես, շնչում ես, քայլում, տեսնում ու լսում ես։ Նայել արևին, ժպտալ… Սա վերջերս եմ զգացել։ Ավելի ճիշտ՝ ոչ թե սովորել, այլ ներքուստ հասկացել, որ պետք է այդպես անեմ։
Առաջ մի տեսակ նեղվում էի, երբ արևը դեմքիս էր ընկնում՝ ասում էի՝ «վայ, այրեց», «վայ, աչքերս ծակում է»։ Իսկ հիմա լրիվ այլ կերպ եմ ընդունում։ Արևն ինձ համար դարձել է Աստծո պարգևը՝ նոր լուսաբացի խորհրդանիշը։ Կարծում եմ՝ ամեն օր պետք է ժպտալ արևին, ընդունել նրա ջերմությունը, ժպիտով դուրս գալ տնից, մտնել աշխատանքի, շփվել մարդկանց հետ և լավ օր անցկացնել։ Եթե օրը ժպիտով սկսվեց, վստահ եմ՝ նույն կերպ էլ կշարունակվի և հաջող կլինի»։
Դերասանը վստահեցնում է, որ ինքն ու իր թիմը բեմից ներկայացնում են իրական պատմություններ և չեն ձգտում դրանք արհեստականորեն չափազանցնել։
«Հիմնականում իրական դեպքեր են։ Ոչինչ չենք ավելացնում։ Լինում են պատմություններ, որոնք անմիջականորեն ինձ հետ կապված չեն, այլ իմ ընկերների, ծանոթների կամ բարեկամների հետ են տեղի ունեցել։ Լինում են նաև դեպքեր, որոնք հենց ինձ հետ են պատահել։
Հնարավոր է՝ փոքրիկ գեղարվեստական շեշտադրում տանք, որպեսզի պատմությունն ավելի հետաքրքիր, սուր կամ ծիծաղելի դառնա, բայց դրանք շատ փոքր փոփոխություններ են։ Պատմության էությունն ու հիմնական սյուժեն 90 տոկոսով մնում են անփոփոխ։ Դրանք իրական, կյանքից վերցված պատմություններ են»։
«ԻմPROվիզը» առանձնահատուկ է նաև նրանով, որ ներկայացվում է դերասանի հիմնած «HD Arena» թատրոնում (արդեն տևական ժամանակ է, ինչ գործում է):
«Շատ հետաքրքիր և հաճելի զգացողություն է հանդիսատեսին արդեն քո հարկի տակ ընդունելը։ Ներկայացման որակի, խաղալու սիրո կամ էնտուզիազմի առումով ոչինչ չի փոխվել։ Նույն սիրով, նույն էներգիայով ու մեծագույն հաճույքով եմ խաղում հանդիսատեսի համար։
Փոխվել է միայն այն, որ նախկինում ներկայացումները խաղում էինք վարձակալած դահլիճներում ու թատրոններում, իսկ հիմա հանդիսատեսին հրավիրում ենք մեր տուն՝ մեր հարկի տակ։ Արդյունքում մեր հանդիպումները դարձել են շատ ավելի ընտանեկան, ջերմ ու մտերմիկ, քան նախկինում։
Ներկայացումներից հետո միշտ շփվում եմ հանդիսատեսի հետ։ Նրանք, ովքեր մնում են, ցանկանում են լուսանկարվել կամ զրուցել, և ես դա մեծ սիրով եմ անում։ Ինչքան էլ հոգնած լինեմ, երբեք չեմ հրաժարվում, որովհետև դա ինձ համար մեծ պատիվ է»։

Դերասանը խոսեց նաև թատրոն հիմնելու դժվարությունների մասին՝ նշելով, որ դա իր կյանքի ամենապատասխանատու որոշումներից մեկն է եղել։
«Թատրոն հիմնելը շատ բարդ, բայց, միաժամանակ, աստվածահաճո աշխատանք է։ Շատ մեծ ներդրումներ եմ արել և, բնականաբար, դրանք կատարել եմ բացառապես սեփական միջոցներով՝ առանց որևէ մեկին դիմելու, հովանավորներ փնտրելու կամ որևէ մեկին անհանգստացնելու։ Ամբողջ տարածքը՝ մեր դեպքում հարկը, վերանորոգել եմ։ Այն, իհարկե, վարձակալում եմ, բայց, փառք Աստծո, ամեն ինչ արել եմ առանց պարտքերի։ Չեմ զղջում, որ այդքան մեծ գումար եմ ներդրել։
Շարունակում եմ զգալի ներդրումներ անել՝ վարձակալության, նկարահանումների և բեմադրությունների իրականացման համար, բայց հենց դա էլ համարում եմ իմ առաքելությունը։
Իմ եկամտի միակ աղբյուրը ներկայացումներն են, և հենց դրանց շնորհիվ պետք է կարողանամ իրականացնել հաջորդ մեծ նպատակս՝ սեփական թատրոն ունենալը։ Խոսքը ոչ թե վարձակալած, այլ սեփական տարածքի մասին է»։
Հովհաննես Դավթյանի խոսքով՝ ինքն ու իր թիմը շարունակում են ակտիվ ստեղծագործել և տարվա ընթացքում հանդիսատեսին մի քանի նոր ներկայացումներ են առաջարկում։
«Հաճախ ենք նոր ներկայացումներ գրում, բեմադրում և խաղում։ Եթե տարին բաժանենք սեզոնների, ապա ստացվում է, որ տարեկան մոտ չորս նոր ներկայացում ենք ունենում՝ գրեթե յուրաքանչյուր սեզոնում մեկը։
Աշնանը սովորաբար ունենում ենք նոր պրեմիերա՝ սեպտեմբեր, հոկտեմբեր կամ նոյեմբերին, իսկ այդ ընթացքում հաճախ լինում են նաև հյուրախաղեր։ Ձմռանը ներկայացնում ենք ամանորյա ծրագիրը, որը խաղում եմ դեկտեմբերի վերջին օրերից մինչև հունվարի կեսերը։ Գարնանը մեր ներկայացումը հիմնականում նվիրվում է կանանց, և մարտի 8-ի առթիվ ունենում ենք նոր պրեմիերա։ Ամռանը փորձում ենք ներկայացնել ավելի թեթև, թարմ և ակտուալ թեմաներով նոր ծրագիր, որը հատկապես նախատեսված է սփյուռքից Հայաստան եկած մեր հայրենակիցների համար։ Շատերը տարիներ շարունակ դիտում են միայն YouTube-ի հոլովակները և ցանկանում են նաև կենդանի դիտել ներկայացումները։ Քանի որ ես չեմ հասցնում շրջագայել բոլոր երկրներով ու քաղաքներով, նրանք գալիս են Հայաստան, և մենք մեծ սիրով հյուրընկալում ենք նրանց։ Հուլիս-օգոստոս ամիսներին հանդիսատեսի զգալի մասը հենց սփյուռքից ժամանած հայրենակիցներն են, թեև, իհարկե, ոչ բոլորը։
Թեմաների պակաս երբեք չունենք։ Մեր թիմն արդեն բավական մեծ է, և յուրաքանչյուրը շատ նվիրված է իր գործին։ Անընդհատ մտածում ենք, գրում, ջնջում, նորից գրում, ստեղծագործում, և հենց դրա շնորհիվ էլ այդքան հաճախ նոր ներկայացումներ ենք ունենում։ Փառք Աստծո, որքան տեսնում եմ, դրանք դեռ չեն հոգնեցնում կամ ձանձրացնում հանդիսատեսին։
Անկեղծ ասած՝ երբեմն հոգնում եմ ոչ թե ստեղծագործական ընթացքից, այլ ներկայացումների խիտ գրաֆիկից։ Տարիքն էլ արդեն իրենն անում է։ Եթե, օրինակ, ուրբաթ, շաբաթ և կիրակի անընդմեջ ներկայացումներ ենք խաղում, կիրակի արդեն զգում եմ, որ հոգնել եմ։ Մի քանի տարի առաջ էներգիան, երևի, մի փոքր ավելի շատ էր։
Մի անգամ նույնիսկ նույն օրը երեք ներկայացում եմ խաղացել՝ մարտի 8-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Այդ օրը երեք սեանսի ընթացքում մեզ դիտել է ավելի քան 6600 հանդիսատես։
Հիմա նույնիսկ եթե օրական մեկ ներկայացում է լինում, բայց երեք օր անընդմեջ, հոգնածությունն արդեն զգացվում է։ Սակայն դա իմ խնդիրն է։ Ես ինքս եմ հաղթահարում այդ հոգնածությունը։ Ամենակարևորն այն է, որ հանդիսատեսը ներկայացումից հետո հեռանա գոհ, շնորհակալ, ուրախ և երջանիկ՝ առանց որևէ դժգոհության կամ հիասթափության»։
Հովհաննես Դավթյանը դժվարացավ հստակ նշել, թե որքան երկար բեմում կմնա «ԻմPROվիզ» ներկայացումը՝ ընդգծելով, որ դրա կյանքը կախված է մի շարք գործոններից։
«Չեմ կարող ասել, թե որքան երկար կյանք կունենա ներկայացումը։ Կան նախագծեր, որոնք խաղում ենք երկու-երեք ամիս, կան՝ որոնք վեց-յոթ ամիս կամ նույնիսկ ավելի քան մեկ տարի։
Հիմնականում յուրաքանչյուր նոր ներկայացում դիտում է շուրջ 10,000 հանդիսատես։ Մեր դահլիճը նախատեսված է մոտ 400 հոգու համար, և յուրաքանչյուր վերնագիր սովորաբար խաղացվում է մոտ 20-25 անգամ։
Ինչ վերաբերում է հյուրախաղերին, ապա պլանավորում ենք «ԻմPROվիզ» ներկայացմամբ հանդես գալ նաև արտերկրում։ Աստված առաջ, նոյեմբերին նախատեսում ենք հյուրախաղեր Միացյալ Նահանգներում՝ Լոս Անջելեսում, հայ հանդիսատեսի համար։
Հնարավոր է ներկայացումը խաղանք նաև Մոսկվայում, սակայն այդ հարցը դեռ վերջնականապես հստակ չէ։ Քննարկվում են նաև եվրոպական հյուրախաղերի տարբերակներ, բայց դրանք ևս դեռ հաստատված չեն։
Այս պահին հստակ է միայն Միացյալ Նահանգների ուղղությունը, որտեղ նոյեմբերին անպայման հանդես կգանք «ԻմPROվիզ» ներկայացմամբ։ Մարզային հյուրախաղերի մասով նույնպես դեռ վերջնական որոշում չկա, քանի որ անհրաժեշտ է ժամանակ՝ ամբողջ գործընթացը ճիշտ կազմակերպելու համար։
Շատ զբաղված լինելու պատճառով դեռ չենք հասցրել լիարժեք ձևով ծրագրել լայնածավալ հյուրախաղային շրջագայություն, բայց ԱՄՆ-ի ուղղությամբ արդեն ակտիվ աշխատում ենք»,- եզրափակեց դերասանը:

Նյութը՝ Լուս Ավագյանի















