Ուսպենսկայայի դուստրը սկանդալային հարցազրույցից հետո ներողություն է խնդրել մորից

Ռուսական էստրադայի հայտնի ներկայացուցիչ Լյուբով Ուսպենսկայայի դուստրը՝ Տատյանա Պլակսինան, մորից ներողություն է խնդրել մի քանի օր առաջ տված սկանդալային հարցազրույցի համար, գրում է woman.ru-ն:

Խոսքը ռուսական հեռուստատեսությամբ «Աստղերը հավաքվել են» («Звезды сошлись») հաղորդման շրջանակում Պլակսինայի այն հայտարարության մասին է, որում նա ասել է, որ մայրը կողպում է դուռն ու սկսում խեղդել իրեն, սպառնում է հոգեբուժարան ուղարկել:

Դա շատ է զարմացրել Ուսպենսկայայի երկրպագուներին, որոնք երգչուհուն խնդրել են պարզաբանել դստեր հետ կապված իրավիճակն ու այն, թե արդյոք մայրն իրոք այդքան դաժան է վարվել դստեր հետ:

Ուսպենսկայայի փաստաբանի խոսքով՝ Պլակսինայի մոտ շիզոֆրենանման պսիխոզ է ախտորոշվել, և աղջիկը հաշիվ չի տալիս իր քայլերին:
Առաջացած սկանդալից հետո Պլակսինան սոցկայքերում հրապարակավ ներողություն է խնդրել մորից:
«Սիրելի մայրիկ, ներիր հիմարության համար: Մինչև կյանքիս վերջ ծնկաչոք կլինեմ քո առաջ: Ցավում եմ, որ մեզ համար այսքան բարդ ժամանակահատվածում ազատություն եմ տվել հույզերիս, իսկ անշնորհք մարդիկ օգտվել են դրանից»,-գրել է աղջիկը:

Բացի այդ, Պլակսինան շնորհակալություն է հայտնել հեռուստահաղորդավար Անդրեյ Մալախովին դժվար պահին օգնության ձեռք մեկնելու ու մոր հետ հարաբերություններում ներդաշնակությունը վերականգնելու հարցում աջակցելու համար:
Հատկանշական է, որ Պլակսինայի հետևորդների մի մասի մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ գրառման հեղինակը բնավ նա չէ:

Ուսպենսկայան, իր հերթին, մեկնաբանելով դստեր հնչեցրած մեղադրանքները, ասել է, որ լրագրողները հոգեբանական ճնշում են գործադրել աղջկա վրա՝ նրան ստիպելով անհեթեթ բաներ խոսել: Երգչուհին պատմել է, որ հարցազրույցից առաջ վիճել էր դստեր հետ, ինչից հետո Պլակսինան տնից հեռացել էր: Աղջկան հնարավոր է եղել հայտնաբերել միայն երեք օր անց՝ մասնավոր հետախույզի օգնությամբ։