«Ինչ վերաբերում է արդարությանը՝ չեմ հավատում»․ «Փափուկ խաղալիք» սիթքոմի նոր դերասանուհին անկեղծացել է

«Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Փափուկ խաղալիք» նոր սիթքոմի հերոսուհիներից մեկը Նաիրա Վարդանյանն է, ում հեռուստադիտողներից շատերը կարող են հիշել «Միսս Տիեզերք Արմենիա» գեղեցկության մրցույթից, որտեղ նա հայտնվեց լավագույն հնգյակում, ինչպես նաև գրավեց «Միսս ինտելեկտ» տիտղոսը: Showbiz.am կայքի հետ զրույցում Նաիրան խոսեց իրեն նախանձող մարդկանց, պլաստիկ ու կոսմետիկ միջամտությունների ու մանկության մասին։
Այն հարցին, թե ինչ կարծիք ունի նա Հայաստանում անցկացվող գեղեցկության մրցույթների անաչառության ու արդարության մասին, գեղեցկուհին պատասխանեց․ «Ինչ վերաբերում է արդարությանը՝ չեմ հավատում, չնայած գուցե բացառություններ լինում են, կարծում եմ դա եկել է վաղուց ու դեռ երկար ժամանակ կլինի»։
Սակայն Նաիրան երբեք չի նեղսրտել ու կոտրվել, գեղեցկուհին համոզված է, որ երբ երազանքը համատեղում են աշխատանքի հետ, բոլոր դռները միանգամից բացվում են։

Նաիրան պատմում է, որ դեռ փոքր տարիքից եղել է աշխույժ, աչքի ընկնող, ակտիվ երեխա և մասնակցել է տարբեր միջոցառումների, նաև գեղեցկության մրցույթների։ Դեռ մանկուց զբաղվել է սպորտով՝ բասկետբոլով, վոլեյբոլով, լողով և անգամ արևելյան մարտարվեստներով։ Խոսելով իր կազմվածքի մասին՝ Նաիրան պնդում է, որ իր գեղեցկությամբ պարտական է ծնողներին, սակայն չի մոռանում նշել, որ դա նաև տարիներ շարունակ առողջ սնունդ օգտագործելու և մարզվելու արդյունք է․ «Խորհուրդ եմ տալիս բոլորին սիրել իրենց մարմինը, զբաղվել ֆիթնեսով ու օգտագործել առողջ սնունդ։ Ես կառուցվածքիս մասին հաճոյախոսություններ շատ եմ լսում։ Նրանք, ովքեր ճանաչում են ծնողներիս, կփաստեն, որ գեղեցկությունս գեների արդյունքն է»։

Ի տարբերություն այլ աղջիկների, ովքեր պլաստիկ վիրահատության են դիմում, իսկ հետո ամեն կերպ թաքցնում այդ փաստը, Նաիրան խոստովանում է, որ վիրահատել է քիթը, սակայն ոչ թե գեղեցկանալու, այլ իր գեղեցկությունն ընգծելու համար։ Այդ քայլին նա դիմել է շնչառական խնդիրներ ունենալու հետևանքով։
Չնայած շատերը նրան վերագրում են նաև շուրթերի ծավալի մեծացում և այտոսկրերի ուրվագծում, Նաիրան հերքում է այդ կասկածները։ Նրա խոսքով՝ շուրթերի ծավալի մեծացում նախկինում արել է, սակայն գեղեցկության մրցույթին մասնակցելուց առաջ հանել է նյութը։ Հիմա, ըստ Նաիրայի, որևէ այլ միջամտություն չունի։

Դերասանուհին հավատացրեց, որ գեղեցիկ աղջիկների համար բարդությունները շատ են։
«Բնականաբար, գեղեցիկ աղջկա համար միշտ էլ բարդ է։ Դրական, ջերմ խոսքեր ասող ու քաջալերող մարդկանցից բացի կան նաև նախանձողներ։ Քննադատողների պակաս չեմ ունեցել, բայց աշխատել եմ ականջալուր չլինել, որովհետև գիտակցում եմ, որ դա կամքի ուժի բացակայության, նախանձի, չարության հետևանք է։ Կարող եմ ասել, որ նման մարդկանց ես վերաբերվում եմ կարեկցանքով, նրանց մաղթում եմ լինել աշխատասեր ու կամեցող, որովհետև աղջկան առաջնային հենց այդ հատկանիշներն են գեղեցկացնում»,-ասում է  Նաիրան։

Նաիրան խոստովանում է, որ ծնողները դեմ են եղել իր մասնագիտական ընտրությանը, բայց ինքն ընդունվել է Երգի պետական թատրոն, որտեղ ստացել է հաղորդավարուհու և լրագրողի կրթություն։ Նրա խոսքով՝ ընտանիքին այդ մասին հայտնել է ընդունվելուց հետո։

Նաիրան նաև հիշում է, որ գեղեցկության մցրույթների ժամանակ իր ծնողներն առաջին շարքում էին, նրանք Նաիրայի թե՛ լավագույն երկրպագուներն են, թե՛ ամենախիստ քննադատները։ Նաիրան անգամ հիշում է, որ լողազգեստով ելույթի ժամանակ հայրիկն աշխատում էր չնայել իր վրա։

Գեղեցկուհու խոսքով` «Միսս Տիեզերք Արմենիա» մրցույթից հետո ինքը որոշել էր կարճատև դադար վերցնել՝ չնայած այդ ընթացքում մի շարք առաջարկներ էր ստանում։ Ըստ նրա՝ «Միսս Տիեզերք Արմենիա»-ն և դրա շնորհիվ ձեռք բերած հայտնիությունը չեն, որ խթանել են հեռուստատեսությունում հայտնվելուն։ Որպես դերասանուհի առաջին քայլերն անելու հետևում, նրա պնդմամբ, երկար ճանապարհ կա, որն ինքը հաղթահարել է։


Նաիրան պատմում է, որ դժվարություններ շատ է ունեցել, սակայն հիմա ծիծաղով է հիշում այդ իրավիճակները։ Նա նաև անկեղծանում է՝ ասելով, որ իր կյանքում գործել է սխալ, որի համար զղջում է, սակայն խոսել այդ սխալի մասին գեղեցկուհին չցանկացավ։
Կարճ ժամանակում Նաիրան կարողացավ հավաքել երկրպագուների մի ամբողջ բանակ, ու նրանցից շատերին հետաքրքիր է՝ արդյոք գեղեցկուհու սիրտը զբաղված է, թե ոչ։ Անձնական հարցերից դերասանուհին խուսափում է, բայց տղամարդու արժանիքների մասին խոսելիս նա խոստովանում է՝ կարևորում է հոգատարությունը, բարությունն ու հումորի զգացումը։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան