Ֆիլմեր Հայոց ցեղասպանության մասին

«Խոստում»
Քըրք Քըրքորյանի հովանավորությամբ նկարահանված «Խոստում» ֆիլմի հիմքում սիրո պատմություն է, որի դեպքերը զարգանում են Հայոց ցեղասպանության տարիներին։
Ֆիլմի սյուժեն ներկայացնում է Առաջին Համաշխարհային պատերազմի օրերին Օսմանյան կայսրությունում հայերի տեղահանումն ու կոտորածը: Այն պատմում է մի հայ երիտասարդ բժշկի մասին, ով տեղափոխվում է Կոստանդնուպոլիս սովորելու: Այստեղ նա ծանոթանում է գեղեցկուհի նկարչուհի Աննային ու սիրահարվում, սակայն նրանց երջանկությանը խոչընդոտում են Հայոց եղեռնի դաժան ու արյունալի իրադարձությունները: Միքայելը խոստանում է ապրել ու պատմել աշխարհին ճշմարտությունը:
Ֆիլմի ռեժիսորը օսկարակիր Թերի Ջորջն է։ Գլխավոր դերերում հանդես են եկել Քրիստիան Բեյլ, Օսկար Այզեկ, Շառլոտա Լե Բոն, Անժելա Սարաֆյան, Ջեյմս Քրոմվել եւ ուրիշներ, իսկ կինոնկարի սաունդթրեքը գրել է աշխարհահռչակ հայ երաժիշտ Սերժ Թանկյանը։

«Նահապետ»
Հրաչյա Քոչարի համանուն վիպակի հիման վրա 1977-ին նկարահանված ֆիլմի սցենարի հեղինակը և բեմադրող ռեժիսորը Հենրիկ Մալյանն է: Նահապետը Եղեռնի տարիներին կորցնում է իր ընտանիքը։ Նա հասնում է Արևելյան Հայաստան, բնակություն հաստատում գյուղերից մեկում, և այստեղ նոր ընտանիք է կազմում:
Ֆիլմում խաղում են Սոս Սարգսյանը, Մհեր Մկրտչյանը, Գալյա Նովենցը, Գուժ Մանուկյանը և այլք:


«Մայրիկ»
Ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վերնոյի կենսագրական ֆիլմը նկարահանվել է 1991 թվականին։ Ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանության և Ֆրանսիա գաղթած մի հայ ընտանիքի մասին։
Վեցամյա երեխայի հիշողությունների միջոցով ներկայացվում է ողջ ընտանիքի պատմությունը։ Ֆիլմում խաղում են Կլաուդիա Կարդինալեն, Օմար Շարիֆը, Ռիշար Բերին, Սերժ Ավետիքյանը և այլք:

«Սպի»
1915 թիվ: Մարդին բնակավայրում թուրքական ոստիկանությունը մի գիշերվա ընթացքում ձերբակալում է բոլոր հայ տղամարդկանց, այդ թվում՝ երիտասարդ դարբին Նազարեթ Մանուկյանին: Տարիներ անց, կարողանալով մազապուրծ լինել ցեղասպանության արհավիրքներից, նա իմանում է, որ հնարավոր է՝ իր զույգ դուստրերը դեռ ողջ են: Նազարեթը սկսում է նրանց փնտրտուքը աշխարհով մեկ: Այդ դժվարին ճամփորդությունը նրան Միջագետքի անապատներից հասցնում է Կուբա, այնուհետև՝ Հյուսիսային Դակոտա:
Նազարեթի դերը կատարում է ծագումով ալժիրցի դերասան Թահար Ռահիմը, ով աչքի է ընկել Ժակ Օդիարի «Մարգարեն» ֆիլմում: «Սպի»-ում նկարահանվել են նաև Արսինե Խանջյանը, Սիմոն Աբգարյանը, Աքին Գազին:Ֆիլմի ռեժիսորն է գերմանացի, ծագումով թուրք Ֆաթիհ Աքինը, ով իր ֆիլմերով աչքի է ընկել նաև Կաննի և Բեռլինի կինոփառատոններում:

«Արտույտների ագարակը»
Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» վեպը մեծ թափով տարածվեց աշխարհով մեկ ու անգամ էկրանավորվեց։ Տավիանի եղբայրները 2007 թվականին ներկայացրին համանուն ֆիլմը, որը ցուցադրվեց տասնյակ երկրներում։
Ֆիլմում գործողությունները ծավալվում են 1915 թվականին, առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Այն «Արտույտների ագարակը» անվանումով ագարակի սեփականատեր Ավագյանների ընտանիքի մասին է։

«Փրկության քարտեզ»
Ֆիլմը պատմում է համամարդկային ցավի, մի ազգի պատուհասած փորձությունների մասին աշխարհի տարբեր կողմերից օգնության շտապող այլազգի հինգ կին հումանիստների օրինակով: Սա ֆիլմ է մահվան դեմ կյանքի, ոչնչացման փոխարեն փրկության, բռնության դիմաց մարդասիրության մասին: Կինոնկարը նկարահանվել է ինը երկրի 29 քաղաքներում:
Ֆիլմը վարում է ֆինն պատմաբան Սվանտե Լունդգրենը: Անցնելով ֆիլմի հերոսների առաքելույթան ճանապարհը` նա գծում է մի նոր քարտեզ` «Փրկության քարտեզը»:
Ֆիլմի տևողությունը 90 րոպե է: Բեմադրող ռեժիսորն է Արամ Շահբազյանը, սցենարի հեղինակը` Աննա Սարգսյանը, իսկ բեմադրող օպերատորը` Արթուր Ղարայանը: Ֆիլմի հերոսները եվրոպացի հինգ հումանիստ կանայք են` Քարեն Եփփեն (Դանիա), Մարիա Յակոբսենը (Դանիա), Բոդիլ Բյորնը (Նորվեգիա), Ալմա Յուհանսոնը (Շվեդիա), Հեդվիգ Բյուլը (Էստոնիա):