«Ես ու կերպարս բացարձակ տարբեր ենք, բացի սիրելու ձևից»․ Ռոզի Ավետիսովա

Ավարտվում է «Անատոլիական պատմություն» բազմասերիանոց ֆիլիմի ցուցադրությունը։ Վաղն արդեն հեռուստադիտողները կտեսնեն, թե ինչ հանգուցալուծում կստանա մարդկային բարդ ու խճճված ճակատագրերի պատմությունը։ Ֆիլմում նկարահանված հայտնի ու տաղանդավոր դերասանուհիներից մեկն էլ Ռոզի Ավետիսովան է, ով կերտել է թրքուհի Տյուրկանի կերպարը։ Showbiz.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է Տյուրկանի դերի, Սոս Ջանիկբեկյանի հետ թեթև աշխատանքի, կարանտինային առօրյայի և շատ այլ հետաքրքիր թեմաների մասին։

– Ինչպե՞ս է անցնում Ձեր կարանտինային առօրյան: Ինչո՞վ եք զբաղվում տնային մեկուսացման պայմաններում:

– Կարանտինային պայմաններից չեմ բողոքում։ Շատ ֆիլմեր եմ դիտում, ինտենսիվ մարզվում եմ, կատվիս հետ խաղալու շատ ժամանակ եմ գտնում։ Հետաքրքիր ու անսովոր առօրյա է։

– Ձեր աշխատանքում ի՞նչ նախագծեր կամ նկարահանումներ են չեղարկվել այս իրավիճակի պատճառով, և ե՞րբ սպասենք նորությունների:

– Նորություններ առաջիկայում չեմ ունենա: Մի քանի հետաքրքիր նախագծեր չեղարկվեցին, սակայն հույս ունեմ, որ արագ կվերականգնվի ամեն բան։

– Ինչպե՞ս ստացաք «Անատոլիական պատմություն» ֆիլմում խաղալու առաջարկը:

– Թրքուհի Տյուրկանի դերը ստացել եմ պարոն Քեշիշյանից։ Սցենարը կարդացի, շատ արագ և առանց հապաղելու համաձայնեցի։ Շատ կարևոր նախագիծ է իմ կյանքում․ կարևոր նրանով, որ խոսում ենք մի անհերքելի փաստի մասին, և ես դրա մասնակիցն եմ։ Կարծում եմ՝ հույժ կարևոր է ունենալ լավ ֆիլմեր այս թեմայի շուրջ, և բացարձակ էական չէ՝ ում ես մարմնավորում։ Այստեղ կարևորը գաղափարն է։

– Ու՞մ հետ էիք առաջին անգամ հանդիպել այս ֆիլմի նկարահանման հրապարակում և ու՞մ հետ էիք մինչ այդ արդեն խաղացել:

– Գրեթե բոլոր դերասանների հետ նախկինում խաղացել եմ, և շատ ընկերական միջավայր էր ձևավորվել։

– Պատմեք Ձեր դերի մասին: Ինպիսի՞ հոգեվիճակում է ազգությամբ թուրք կինը, ով անդադար հալածվում է ամուսնու ընտանիքի կողմից, քանի որ չի կարողանում երեխա ունենալ, իսկ հետո պարզ է դառնում, որ ամուսնացած է կիսով չափ հայի հետ: Ի՞նչ է կատարվում այդ կնոջ ներաշխարհում:

– Տյուրկանը հնազանդության ու սիրո մարմնացում է։ Մենք՝ դերասաններս, չենք կենտրոնանում առաջինը ազգության վրա։ Կան ուրիշ շատ կարևոր կետեր կերպարը մարմնավորելուց։ Իմ հերոսուհու ներսում ոչինչ չի փոխվում, երբ պարզվում է, որ ամուսինը հայ է։ Սերը ազգություն չի ճանաչում։

– Ձեր ու կերպարի բնավորության մեջ կա՞ն նման գծեր։

– Ես ու կերպարս բացարձակ տարբեր ենք, բացի սիրելու ձևից։

– Բարդություններ ունեցել ե՞ք այդ կերպարը մարմնավորելիս:

– Առանձնապես բարդություններ չեն եղել նկարահանման ընթացքում։ Մենք դեռ ընթերցման ընթացքից գիտեինք, թե ինչպիսին պիտի լինի Տյուրկանը։

– Դուք և Սոս Ջանիբեկյանը ֆիլմում մարմնավորում եք սիրող ու միմյանց նվիրված ամուսինների: Հե՞շտ էր միասին սեր խաղալը: Իրական կյանքում Սոսի հետ մտերի՞մ եք, թե՞ ոչ:

– Սոսի հետ շատ հեշտ է աշխատել։ Իրեն հատուկ թեթևություն ունի և դրանով իսկ չի ծանրաբեռնում խաղընկերոջը։ Շատ տղամարդ դերասաններ մոլուցք ունեն մրցակցելու խաղընկերոջ հետ, ինչը չէի ասի Սոսի մասին։ Նա շատ առողջ ու ադեկվատ դերասան է։ Իսկ իրական կյանքում մենք պարզապես գործընկերներ ենք։

– Ֆիլմում Ձեր կերպարը հանուն սիրո դիմադրում է տարատեսակ ճնշումների: Իրական կյանքում ինչի՞ եք պատրաստ հանուն սիրո կամ սիրելի էակի:

– Ես դուրս եմ եկել այն վտանգավոր տարիքից, որ հանուն սիրո պաթետիկ զոհաբերություններ պատկերացնեմ։

– Ինչպիսի՞ն պետք է լինի տղամարդը, որ դառնա Ձեր կյանքի ընկերը: Ո՞ր հատկանիշներն են հատուկ իսկական տղամարդուն:

– Իսկական տղամարդը նախ պետք է հարգի իր խոսքը։

– Ե՞րբ եք հստակ որոշել, որ պետք է դերասանուհի դառնաք։

– Դերասանուհու մասնագիտությունը դեռ մանկապարտեզից էի ընտրել։

– Ինչի՞ մասին եք ամենից շատ երազում:

-Երազանքները չեն բարձրաձայնում։

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան