«Երբեք, հանուն հայտնիություն ձեռք բերելու՝ չեմ խաղում մի բան, որն ինձ դուր չի գալիս»․ Մարիա Սեյրանյանը՝ մասնագիտության, դստեր հետ առօրյայի ու սպասվող նորությունների մասին

Դերասանուհի Մարիա Սեյրանյանն, ինչպես բոլոր թատրոնների դերասանները, կարոտով է հիշում սիրելի թատրոնը, հանդիսատեսին ու անհամբերությամբ սպասում արտակարգ դրության ավարտին, որպեսզի վերադառնա իր բնականոն կյանքին։ Showbiz.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է իր ու դստեր առօրյայի, սիրելի մասնագիտության, սպասվող նորությունների ու այլ հետաքրքիր թեմաների մասին։

Խոսելով կարանտինի մասին՝ դերասանուհին ասում է․ «Առաջին երկու շաբաթը սթրեսային էր մի փոքր, օրերն էի հաշվում, հետո սկսեցի այս ամենին դրական կողմից նայել, որովհետև ուրիշ այլ առիթ չէր լինի երեխայիս հետ այսքան երկար ժամանակ անցկացնել, որովհետև իր տարիքում երեխաները ամեն օր են մեծանում, ամեն օր նոր բան սովորում ու ես վայելում եմ ամեն րոպեն: Կարծում եմ, առհասարակ այս համաճարակի միակ լավ բանն այդ է՝ բոլոր երեխաները երջանիկ են, որովհետև մամաների կողքին են: Իհարկե, շատ դժվար է մնալ տանը՝ այն էլ այս եղանակին, հատկապես երեխայի հետ։ Երբեմն մեզ թույլ ենք տալիս այգի գնալ՝ իհարկե, հետևելով բոլոր սանիտարահիգիենիկ կանոններին ու պահելով սոցիալական հեռավորություն: Չնայած պիտի ասեմ, որ քույրս շատ է օգնում ինձ երեխայի հարցում։ Բախտս բերել է, նա էլ է տնից աշխատում այս ընթացքում»։

Խոսելով իր կարանտինային զբաղմունքների մասին դերասանուհին շեշտում է․ «Վերջին մի տարվա ընթացքում գիրք կարդալն ու ֆիլմ դիտելը երազանք էր դարձել, հազվադեպ էի կարողանում ժամանակ գտնել, բայց դա երևի միակ շռայլությունն է, որ ինձ թույլ եմ տալիս»։

Վարակի տարածումն ու արտակարգ դրությունը ստիպեցին շատերին հեռու մնալ նույնիսկ ամենահարազատ մարդկանցից, սիրելի աշխատանքից։ «Առաջին բանը երևի որ կանեմ արտակարգ դրությունից հետո՝ տատիկիս այցելելը կլինի: Արդեն 4 ամիս է՝ չեմ տեսել նրան: Իսկ ամենաշատը կարոտել եմ թատրոնը, փորձերը, ֆիլմերի կրկնօրինակումները, իմ առաջվա առօրյան՝ շնչակտուր ապրելը»,- նշում է Մարիան։

Սոս Սարգսայի անվան Համազգային թատրոնն այս ընթացքում տարատեսակ հետաքրքիր նախաձեռնություններով հանդես եկավ: Դերասանուհուց հետաքրքրվեցինք, թե աշխատանքները վերսկսելուն պես ինչ նորությունների կարող է սպասել հանդիսատեսը․ «Համազգային թատրոնը անգործ չի մնում ու անդադար պրպտումների մեջ է, որպեսզի պահի իր և հանդիսատեսի կապը: Պիտի ասեմ, որ այդ նախաձեռնություններից ես անմասն չեմ մնացել: Հուլիսի կեսին հանդիսատեսին կներկայացնենք Թոթովենցի՝ «Կյանքը հին հռոմեական ճանապարհի վրա» վիպակի հիման վրա նկարահանված փոքրիկ ֆիլմաշար, որի ռեժիսորը Վարշամ Գևորգյանն է: Այդտեղ ես իմ փոքրիկ մասնակցությունն ունեմ: Եվ օգոստոսին՝ Չարլզ Բուկովսկու ծննդյանն ընդառաջ, կներկայացնենք նրա պոեզյայի հիման վրա նկարահանված ֆիլմ, ռեժիսորն է Նարինե Գրիգորյանը: Նկարահանումներն արդեն իսկ ավարտված են, ու ֆիլմն արդեն մոնտաժի փուլում է: Երկու դեպքում էլ փորձերը օնլայն են անցկացվել, իսկ նկարահանումները՝ ըստ պարետատան կանոնների»։

Հարցին, թե արդյո՞ք կա ինչ-որ հստակ կերպար, որը Մարիան երազում է մարմնավորել, նա պատասխանում է․ «Հստակ կերպար չկա, որ կուզեի խաղալ, բայց յուրաքանչյուր նոր դեր կուզեի լիներ այնպիսին, որ նախկինում երբեք նման բան խաղացած չլինեի, որ առիթ ստեղծեր ներսս փորփրելու ու նոր գույներ պեղելու»:

Խոսելով սիրելի մասնագիտության ընտրության մասին՝ դերասանուհին շեշտում է․ «Ոչ ոք ու ոչինչ չի ազդել իմ՝ դերասանուհի դառնալու որոշման վրա: Ես ուղղակի եկա Թատերական ինստիտուտ ու սիրահարվեցի մասնագիտությանս»։

Մասնագիտական սկզբունքներին անդրադառնալով, Մարիան առանձնացնում է շատ կարևոր մի բան․ «Միակ սկզբունքս այն է, որ երբեք, հանուն հայտնիություն ձեռք բերելու՝ չեմ խաղում մի բան, որն ինձ դուր չի գալիս: Իսկ մեծ ու փոքր դերեր, խնդրեմ՝ ինչքան ուզեք»։

Հեղինակ՝ Դիանա Զաքարյան