Եվգենի Պետրոսյանը երիտասարդ կնոջը վիրավորելու համար դատի է տվել գործընկերոջը՝ հումորիստ Վիկտոր Կոկլյուշկինին

Ռուսաստանաբնակ հայտնի հումորիստ Եվգենի Պետրոսյանն իր երիտասարդ կնոջ՝ Տատյանա Բրուխունովայի հասցեին վիրավորական խոսքեր հնչեցնելու համար դատի է տվել գրող-երգիծաբան, իր երկարամյա գործընկեր Վիկտոր Կոկլյուշկինին։ Այս մասին հայտնում է Star Hit ամսագիրը։

Օրերս Վիկտոր Կոկլյուշկինը հարցազրույց է տվել, որում պատմել է, որ մտահոգված է Պետրոսյանի համար, որը, նրա խոսքով, անհետացել է հեռուստաեթերից: Կոկլյուշկինը դա բացատրել է Պետրոսյանի նոր ամուսնությամբ՝ հայտարարելով, որ «Տատյանան բացարձակապես այն մարդը չէ, որը պետք է լիներ հումորիստի կողքին»։

«Նա չի համապատասխանում Պետրոսյանին։ Ելենա Ստեպանենկոյի հետ նրանք 1975 թվականից կողք-կողքի են աշխատել։ Բեմի վրա կողքիդ հուսալի ընկեր է անհրաժեշտ այնպես, ինչպես գեղասահքում․ եթե հանկարծ մարզիկն իր զուգընկերուհու՝ օլիմպիական չեմպիոնուհու փոխարեն մի քանի անգամ ավելի սովորական ու սիրունիկ աղջիկ ընտրի, հաջողության չի հասնի»,- լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է Կոկլյուշկինը:

Աղբյուրը հաղորդում է, որ Պետրոսյանը որոշել է պաշտպանել կնոջը և պատասխանատվության ենթարկել Կոկլյուշկինին։ Համապատասխան դիմումն արդեն դատախազություն է փոխանցել արտիստի փաստաբան Սերգեյ Ժորինը:

«Մենք որոշել ենք անպատիժ չթողնել նրա արարքը և պաշտպանել Տատյանային։ Այդ արտահայտությունները միանշանակ վիրավորանքներ են, քանի որ դրանք ուղղված են նրա պատվի ու արժանապատվության նվաստացմանը»,- ասել է Պետրոսյանի ներկայացուցիչը։

Նշվում է, որ եթե դատարանը երգիծաբանին մեղավոր ճանաչի, վերջինս ստիպված կլինի տուգանք վճարել։

Վիկտոր Կոկլյուշկինը երկար ժամանակ եղել է Պետրոսյանի գործընկերը։ Հումորիստները միասին ելույթ են ունեցել բազմաթիվ բեմերում, այդ թվում՝ «Կրիվոյե զերկալո» ծրագրում։

2018 թվականին Եվգենի Պետրոսյանը 33 տարվա ամուսնությունից հետո բաժանվել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ Ելենա Ստեպանենկոյից։ 2019 թվականին Պետրոսյանը  ամուսնացել է իր օգնական Տատյանա Բրուխունովայի հետ։