Ջարեդ Լետոն, Բեն Աֆլեքը, Գալ Գադոթը՝ «Արդարության լիգա» ֆիլմի նոր տարբերակում

Ռեժիսոր Զակ Սնայդերի «Արդարության լիգա» ֆիլմի թրեյլերն արդեն հասանելի է համացանցում։ Այն հրապարակվել է HBO Max-ի YouTube-յան ալիքում։
Նշենք, որ 2017 թվականին թողարկված այս ֆիլմը բավականին մեծ դժվարությունների միջով է անցել․ այն սցենարական բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել։ Ֆիլմի ռեժիսոր Զակ Սնայդերը աշխատանքների ընթացքում հրաժարվել է ռեժիսորի պաշտոնից՝ պատճառաբանելով, որ դստեր ինքնասպանությունից հետո չի կարող շարունակել աշխատանքը։
Ֆիլմն ավարտին է հասցրել ռեժիսոր Ջոս Ուիդոնը։ Այս ամենի հետևանքով «Արդարության լիգան» դրամարկղային մուտքերի առումով ձախողվել է։
Հրապարակված թրեյլերում երևում է, որ նոր ֆիլմում հանդես կգան Դարքսայդը՝ Ռեյ Փորթերի կատարմամբ, Հրաշք կինը՝ Գալ Գադոթի կատարմամբ։ Հոլովակի ավարտին հայտնվում են Բեթմենն ու Ջոկերը, որոնց դերերը կատարել են Բեն Աֆլեքն ու Ջարեդ Լետոն։
Պրեմիերան տեղի կունենա 2021 թվականի մարտի 18-ին։