Աղմկահարույց բանկային կողոպուտն արդեն մեծ էկրանին է. կայացավ «Զոնտիկ» ֆիլմի պրեմիերան

ԽՍՀՄ պատմության ամենահամարձակ և աղմկահարույց բանկային կողոպուտն է ռեժիսոր Գոշ Հակոբյանին ոգեշնչել ստեղծել «Զոնտիկ» ֆիլմը, որի պրեմիերան կայացավ երեկ՝ ապրիլի 9-ին, Կինոմոսկվայում:

«Գաղափարը վաղուց կար, դրա վրա աշխատել ենք գրեթե երկու տարի ու այդ ընթացքում շատ դժվարությունների ենք հանդիպել: Սցենարը գրվել է այնպես, ինչպես եղել է իրկանում՝ առանց չափազանցնելու: Ֆիլմը գեղարվեստական է, այնպես որ որոշ բաներ միգուցե նաև ավելացել են»,- պատմեց ֆիլմի ռեժիսորը:

Երկու եղբայրներ՝ Նիկոլայ ու Ֆելիքս Կալաչյանները, գողություն են կատարել կենտրոնական բանկից, իսկ գողության գործիքն անսպասելի էր բոլորի համար՝ մանկական անձրևանոց: Հափշտակվել էր մոտ 1.5 միլիոն խորհրդային ռուբլի՝ այն ժամանակվա համար հսկայական գումար։ Լայնածավալ հետաքննությունից մի քանի ամիս անց եղբայրները ձերբակալվեցին։ Դատավարությունը փակ էր։ Նրանք դատապարտվեցին մահապատժի։

«Իմ կարծիքով՝ Սոսն ու Մոսոն ամենաշատն են նման Նիկոլայ և Ֆելիքս Կալաչյաններին: Բացի այդ շատ տաղանդավոր դերասաններ են, վստահ եմ՝ կհավանեք նրանց խաղը: Շանթ Հովհաննիսյանը, Արամ Կարախանյանը ևս շատ նման են այն կերպարներին, որոնց մարմանվորում են: Մաքսիմալ փորձել ենք այնպես անել, որ բոլորը նման լինեն իրական կերպարներին»,- դերասանների ընտրությանն անդրադառնալով՝ նշեց Գոշ Հակոբյանը:

Ռեժիսորն այս պատմության մասին դեռ 7 տարեկանում է լսել, և երբ հնարավորություն է ստեղծվել այն կյանքի կոչել ֆիլմի տեսքով, առիթը բաց չի թողել. «Մտածեցի, որ հայկական սուպերհերոսի հոտ է գալիս այս պատմությունից, և քանի որ մենք չենք ունեցել այսպիսի ֆիլմեր, որոշեցինք, որ սա նախադեպը պետք է լինի»:

«Շատ մեծ պատասխանատվությամբ եմ մոտեցել այս դերին. մարմնավորել իրական կերպարի շատ ավելի դժվար է, քան երբ այն հորինված է: Ես գիտեի, որ ինչ որ կերպար ունենալու եմ այս ֆիլմում, բայց որ ստանալու եմ հենց Նիկոլայի դերը, իմացել եմ նկարահանումները սկսելուց 1-2 ամիս առաջ: Այսքան ժամանակ ես հանդիսատեսին ներկայացել եմ միայն հումորային կերպարներում, և շանս չեմ ունեցել լուրջ դերեր կերտելու, սա ինձ համար մեծ հնարավորություն է ցույց տալու, թե ինչպիսի դերասան եմ ես»,- մեզ հետ զրույցում նշեց Մոսո Կարապետյանը:

Դերասանուհի Արուսիկ Գրիգորյանը ֆիլմում մարմնավորում եմ Ֆելիքսի կնոջ դերը. «Կարող եմ ասել՝ հայ կնոջ հավաքական կերպար է՝ ինտուիտիվ, զգացմունքային: Այս պատմությանը ծանոթացել էի հորս միջոցով, և երբ նկարահանվելու առաջարկը ստացա, շատ մեծ հետաքրքրությամբ, սրտի թրթիռով համաձայնվել եմ»:

Գոշ Հակոբյանը հայտնեց, որ ֆիլմը լինելու է 3 լեզվով. ռուսերենն արդեն ընթացքի մեջ է, ֆրանսերենի համար դեռ բանակցություններ են ընթանում, և իհարկե, անգլերեն: «Ես գերնպատակ ունեմ, որ ֆիլմը Հայաստանի սահմաններից դուրս գա»:

Ֆիլմը նկարահանվել է Զորի Բալայանի գրքի հիման վրա:

Հեղինակ՝ Լուս Ավագյան