Երեկ՝ մայիսի 31-ին, տեղի է ունեցել տարածաշրջանում առաջին լիամետրաժ (AI) անիմացիոն մուլտֆիլմի պրեմիերան:
«Փոքր Մհեր» մուլտֆիլմի հիմքում հայկական «Սասնա ծռեր» էպոսն է՝ ներկայացված ժամանակակից և նորարարական մեկնաբանությամբ։ Սյուժեի կենտրոնում Մհերն է, որը դուրս է գալիս Ագռավաքարից և հայտնվում մերօրյա հայկական գյուղում՝ բախվելով նոր իրականությանը, որտեղ նա, միաժամանակ, զարմացած է, շփոթված և անսասան իր բնույթով։

«Մտահղացման հեղինակ Աշոտ Աբրահամյանի հետ, երբ քննարկում էինք՝ որ ուղղությամբ ենք ուզում տանել պատմությունը, ինչ ենք ուզում ներկայացնել, կանգ առանք Փոքր Մհերի վրա: Քանի որ նրա պատմությունն ամենաառեղծվածայինն է՝ ըստ իս: Այն ոչ ավարտուն է և սկզբում քննարում էինք ոնց անել. մենք պետք է մտնենք էպոսի մեջ, թե էպոսը պետք է գա մեր օրեր: Ու հասկացանք, որ իրեն ավելի հետաքրքիր կլինի մեր օրերում, քան մեզ՝ էպոսի մեջ»,- պատմեց Հովհաննես Մարգարյանը:
Երեխաների համար ստեղծված մուլտֆիլմը հնչյունավորվել է մեծերի շրջանում սիրված և ճանաչված դերասանների ձայներով։ Մուլտֆիլմի պատմիչն էր Խորեն Լևոնյան, իսկ կերպարներին ձայնավորել են Սոս Ջանիբեկյան, Հարություն Խաչատրյան, Բոնի, Արուս Տիգրանյան, Արևիկ Գևորգյան, Լևոն Հարությունյան, Ռաֆայել Երանոսյան, Դավիթ Հակոբյան, Արեգ Գևորգյան և Վահագն Գասպարյան։ Հենց այս դերասանական կազմի ձայներով է կենդանացել առաջին հայկական AI անիմացիոն մուլտֆիլմը։ Մուլտֆիլմի ստեղծման հետևում կանգնած է մասնագիտական մեծ թիմ։ Բեմադրող ռեժիսորն ու պրոդյուսերն է Հովհաննես Մարգարյան, սցենարի հեղինակներն են Հովհաննես Մարգարյան, Խորեն Թևանյան և Արտուշ Գևորգյան։ Գլխավոր պրոդյուսերներն են Հովհաննես Մարգարյան և Հրանտ Մարգարյան, պրոդյուսերը՝ Հայկ Սիմոնյան, հնչյունային ռեժիսորը՝ Դավիթ Դավթյան, գեղարվեստական ղեկավարը՝ Անուշ Ղազարյան, բեմադրող օպերատորը՝ Վահագն Տեր-Հակոբյան, իսկ AI թիմի ղեկավարը՝ Լյուսի Բաղդագյուլյան։
Մուլտֆիլմի առանցքային գաղափարներն են հերոսությունը, ընկերասիրությունը, սեփական արժեքներին հավատարիմ մնալը և փոփոխվող ժամանակներում ինքնությունը պահպանելու կարևորությունը։ «Փոքր Մհեր»-ը պատմություն է, որը փոքրերին կստիպի ծիծաղել ու երազել, մեծերին՝ կանգ առնել ու մտածել։ Ինչպես նշում է ռեժիսորը՝ փոքրերին հասկանալի, մեծերին հետաքրքիր։ Նախագծի նպատակն է նոր շունչ հաղորդել հայկական էպոսին և այն նոր սերնդին ներկայացնել հասկանալի ու ժամանակակից ձևով։ Ստեղծվել է դինամիկ, ժամանակակից անիմացիոն ֆիլմ, որը կլինի հետաքրքիր, հասանելի և գրավիչ թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար։

Այս անիմացիոն նախագծի առանձնահատկությունն այն է, որ այն ստեղծվում է նորարարական տեխնոլոգիական մոտեցմամբ՝ տարբերվելով ավանդական մուլտիպլիկացիոն արտադրությունից։ Մուլտֆիլմում չեն կիրառվում դասական անիմացիայի սովորական գործիքակազմերը․ կերպարների սկզբնական էսքիզներն ու գեղարվեստական լուծումները մշակվում են նկարիչների կողմից, իսկ դրանց վերջնական տեսքը, շարժողական դինամիկան և վիզուալ զարգացումը ձևավորվում են արհեստական բանականության գործիքների կիրառմամբ։ Մուլտֆիլմի հնչյունավորումը վստահվել է հայտնի հայ դերասանների մասնակցությանը։
Արհեստական բանականության տեխնոլոգիաների կիրառումը հնարավորություն է տալիս արտադրական ամբողջ գործընթացը՝ գաղափարի մշակումից մինչև վերջնական իրագործում, իրականացնել շուրջ 5-6 անգամ ավելի արագ, քան դասական արտադրական մեթոդների դեպքում։ Նախագծում կիրառվում են ոլորտի վերջին AI գործիքներն ու մասնագիտական փաթեթները, որոնք ապահովում են պատկերի բարձր որակ, տեխնիկական ճշգրտություն և ժամանակակից վիզուալ արդյունք։ Վիզուալ լուծումներից տարբերվող՝ երաժշտական հատվածը չի գեներացվում արհեստական բանականությամբ։ Մուլտիլմի երաժշտությունը ստեղծվում է երաժիշտների կողմից, իսկ հերոսներին ձայնավորում են հայտնի դերասաններ՝ ապահովելով հանդիսատեսի համար ծանոթ, կենդանի և հուզական հնչողություն։Բնականաբար, AI գործիքները չեն փոխարինում արվեստագետներին․ դրանք ընդամենը նոր հնարավորություններ են բացում ստեղծագործական թիմի համար։
Նախատեսվում է «Փոքր Մհեր» անիմացիոն նախագիծը ներկայացնել նաև միջազգային լսարանին՝ այն թարգմանելով տարբեր լեզուներով և հասանելի դարձնելով միջազգային հարթակներում։ Թեև մուլտֆիլմի հիմքում հայկական էպոսն է, սցենարը կառուցված է այնպես, որ պատմությունը հասկանալի և հետաքրքիր լինի նաև օտարազգի հանդիսատեսի համար։
Սցենարը մշակվել է երեք հիմնական թիրախային խմբերի համար՝ երեխաների, դեռահասների և չափահասների։ Երեխաների համար մուլտֆիլմում նախատեսված են վիզուալ հումորի և արկածային դրվագների տարրեր, իսկ դեռահաս և չափահաս հանդիսատեսի համար՝ խորքային մտքեր, բազմաշերտ երկխոսություններ և ժամանակակից ընթերցումներ։

Մուլտֆիլմում առանձնակի ուշադրություն է դարձվել էթնոգրաֆիկ և մշակութային ճշգրտությանը։ Մհերի սկզբնական կերպարային և հագուստային լուծումը՝ բացառելով այլ մշակույթներին բնորոշ տարրերը։ Մհերի կերպարը պետք է ամբողջությամբ հայկական լինի՝ մինչև վերջին դետալը, մինչև վերջին կադրը։
«Փոքր Մհեր» անիմացիոն ֆիլմը հունիսի 1-ից մեծ էկրաններին է՝ հնարավորություն տալով հանդիսատեսին այն դիտել Հայաստանի բոլոր կինոթատրոններում։ Նոր սերնդի համար ժամանակակից ձևաչափով ներկայացված հայկական այս պատմությունը շուտով կհանդիպի իր հանդիսատեսին Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս։
Նախագիծը ներկայացնում է 485 գեներատիվ տեխնոլոգիաների կենտրոնը (485.center), որի անվան խորհրդանշական ընտրությունը պատահական չէ։ 485Հայաստանի միջազգային շտրիխ կոդի առաջին թվային նույնականացումն է, որով աշխարհը ճանաչում է հայկական արտադրանքը: Մենք ընտրել ենք որպես մեր կենտրոնի անուն՝ հայկական ինքնությունը, ստեղծարար միտքը և նորարարական ապագան մեկ գաղափարի շուրջ միավորելու նպատակով։
Ներկայացնում ենք կադրեր «Փոքր Մհեր»-ի մեծ պրեմիերայից:




































