Էդ Շիրանի «Loop Tour» շրջագայության շուրջ սկանդալ է հասունացել․ երգիչը հայտնվել է անսպասելի վիճակում։ Շրջագայության մասնակից արտիստներ Ֆինեասը, Լուկաս Գրահամը, Աարոն Ռոուն և իռլանդական Բեոգա խումբը, հայտարարել են հեռանալու մասին՝ հաջակցություն ռեփեր Մակլեմորի։ Գրում է Tert.am-ը:
Մաքլեմորը հեռացվել էր Շիրանի՝ ԱՄՆ-ում անցկացվող շրջագայության մնացած համերգներից՝ սեպտեմբերի 4-ին Նյու Ջերսիի «MetLife» մարզադաշտում բեմից պաղեստինամետ հայտարարություններ անելուց հետո։ Ռեփերը ելույթի ընթացքում հայտարարել էր իր աջակցությունը Պաղեստինին և կատարել «Hind’s Hall» բողոքի երգը։ Շրջագայության կազմակերպիչ «Messina Touring Group»-ը հայտնել էր, որ մի շարք համերգային վայրեր հրաժարվել էին Մակլեմորին ընդունել, ինչի հետևանքով նրա մասնակցությունը մնացած համերգներին չեղարկվել էր։

Էդ Շիրանը հայտարարել է, որ Մաքլեմորի հեռացման որոշումն իրենը չի եղել։ Երգիչը նշել է, որ որոշումը կայացրել են շրջագայության կազմակերպիչները և համերգային ծրագրերի ներկայացուցիչները։

Շիրանը նաև հայտնել է, որ չի ցանկանում ներքաշվել Գազայի պատերազմի վերաբերյալ հրապարակային քաղաքական բանավեճի մեջ և իր համերգները ցանկանում է պահել բացառապես երաժշտությանը նվիրված։ Շիրանի հայտարարությունից հետո Ֆինեասը, Աարոն Ռոուն, Լուկաս Գրահամը և Բեոգան հայտնել են, որ հրաժարվում են առաջիկա ելույթներից։ Ֆինեասը հայտարարել է, որ արտիստներին չպետք է լռեցնել, երբ նրանք բարձրաձայնում են ճնշվածների մասին, և նշել է, որ աջակցում է Պաղեստինին ու նրա ժողովրդին։

Աարոն Ռոուն և Լուկաս Գրահամը պետք է լինեին Մակլեմորի փոխարինողները Շիրանի՝ ԱՄՆ-ում մնացած համերգների ընթացքում։ Բեոգան Շիրանի հետ ելույթ էր ունենում համերգների ընթացքում, իսկ Ֆինեասը նախատեսված էր որպես Շիրանի հյուր Հարավային Ամերիկայի շրջագայության ժամանակ։ Այսպիսով, Մակլեմորի հեռացումից հետո Շիրանի շրջագայությունը կորցրել է բոլոր չորս մնացած ուղեկցող արտիստներին։ Իրավիճակը նոր քննարկումներ է առաջացրել արտիստների՝ բեմից քաղաքական և հասարակական հարցերի մասին խոսելու իրավունքի, ինչպես նաև համերգային կազմակերպիչների կողմից նման ելույթների նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ։















