Disney-ում սպասվում են հազարավոր կրճատումներ

Ամերիկյան Walt Disney ընկերությունը պատրաստվում է կրճատել հազարավոր աշխատակիցների՝ տարեկան ծախսերը 20 տոկոսով նվազեցնելու նպատակով։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է Bloomberg-ը։ Կրճատումները կանդրադառնան հատկապես թեմատիկ զվարճանքների այգիներին, հեռուստաալիքներին և կինոստուդիային։

Աղբյուրների համաձայն՝ ընկերության գլխավոր տնօրեն Ջոշ Դ’Ամարոն նախատեսում է խնայված միջոցների մի մասն ուղղել նոր բովանդակության ստեղծմանը, տեխնոլոգիաների զարգացմանը, ինչպես նաև զվարճանքների այգիների և զբոսաշրջային նավերի բիզնեսի աջակցությանը։ Bloomberg-ի հաղորդմամբ՝ վերջին տարիներին Disney-ն արդեն միլիարդավոր դոլարների ծախսեր է կրճատել և հազարավոր աշխատատեղեր վերացրել։ Անցած ֆինանսական տարվա ավարտին ընկերության աշխատակիցների ընդհանուր թիվը կազմել է 231 հազար։

Գործակալության տվյալներով՝ աշխատակիցների թվաքանակն են կրճատում նաև մեդիա ոլորտի այլ ընկերություններ, այդ թվում՝ Netflix-ը, Sony Pictures Entertainment-ը, ինչպես նաև Paramount-ի և Warner Bros.-ի ստորաբաժանումները։ Ընկերությունների համար գնալով դժվարանում է լսարանի ուշադրության համար մրցակցությունը սոցիալական ցանցերի և տեխնոլոգիական խոշոր ընկերությունների՝ Amazon-ի ու Apple-ի հարթակների հետ։