Բելլա և Ջիջի Հադիդների 78-ամյա հայրն ամուսնանում է 43-ամյա ռուս մոդելի հետ

Սուպերմոդելներ Ջիջի և Բելլա Հադիդների հայրը՝ պաղեստինա-ամերիկացի 78-ամյա կառուցապատող Մոհամեդ Հադիդը, ամուսնանում է երրորդ անգամ։ Նրա ընտրյալը ռուսական ծագում ունեցող 43-ամյա մոդել և հեռուստահաղորդավարուհի Քենի Սիլվան է (իսկական անունը՝ Քսենիա Սիլվա)։ Այս մասին հայտնում են People-ը և Page Six-ը։

Նշանադրության մասին զույգը հայտարարել է Vogue Arabia Ball 2026: Art Edition պարահանդեսի ժամանակ, որն օրերս տեղի է ունեցել Դուբայում։ Կարմիր գորգին Քենին ցուցադրել է խոշոր ադամանդով մատանին, իսկ Vogue Arabia-ին տված հարցազրույցում պատմել է, որ նշանադրության մասին հայտարարելու համար ընտրել է հենց այս միջոցառումը, քանի որ այն իրեն հիշեցրել է «արքայադստեր մասին հեքիաթ»։ Բացի այդ, մոդելը հույս է հայտնել, որ իր պատմությունը կոգեշնչի ամուսնալուծություն կամ բաժանում վերապրած կանանց կրկին հավատալ սիրուն։

Քենիի խոսքով՝ Մոհամեդն իրեն ամուսնության առաջարկություն է արել Բևեռլի Հիլզի լեգենդար Polo Lounge ռեստորանում։ Դա իր համար լիակատար անակնկալ է եղել․ մուլտիմիլիոնատերն ընտրյալին խնդրել է «գեղեցիկ հագնվել»՝ բացատրելով, որ պատրաստվում են նշել ինչ-որ իրադարձություն։ Ինքը՝ Սիլվան, ենթադրել էր, որ առիթն իր մասնագիտական ձեռքբերումներն են։

Պատմելով փեսացուի մասին՝ մոդելը նշել է, որ հատկապես հիանում է նոր նպատակների հասնելու նրա ձգտմամբ, «հիասքանչ սրտով, արտասովոր կրքով ու առատաձեռնությամբ»։ Հադիդն իր հերթին խոստովանել է, որ ընտրյալին սիրահարվել է գրեթե առաջին հայացքից։ Այն հատկանիշների շարքում, որոնք իրեն ամենաշատն են գրավում Սիլվայի մեջ, նա նշել է վերջինիս «պարզությունը, սերը կյանքի և երեխաների հանդեպ»։