57-ամյա Ջենիֆեր Լոպեսը կատակել է իր չորս ամուսնալուծությունների մասին դերասանուհի Ռեյչել Զեգլերի հետ զրույցի ժամանակ՝ The JLo Show: Live in Las Vegas համերգային ֆիլմի ցուցադրությունից հետո։ Երգչուհին ցուցադրել է իր չորս մատներն ու ասել․ «Սա իմ կյանքի հսկայական գլուխն է… Չորս անգամ»։ Ի պատասխան դրան՝ հանդիսասրահում նստած երկրպագուներից մեկը բացականչել է․ «Դու դեռ վեց ազատ մատ ունես»։ Այս խոսքերը ծիծաղեցրել են Լոպեսին, և նա ասել է․ «Ճիշտ է։ Աստված իմ, սա ամենազվարճալի բանն է, որ երբևէ լսել եմ իմ կյանքում։ Այս արտահայտությունն արժե տպել շապիկի վրա»։
Հիշեցնենք, որ Ջենիֆեր Լոպեսի առաջին ամուսինը մատուցող Օհանի Նոան էր, ում հետ նա ծանոթացել էր Մայամիի ռեստորաններից մեկում․ նրանց ամուսնությունը տևել է մոտ 11 ամիս, իսկ ամուսնալուծությունից հետո Նոան փորձել է շանտաժի ենթարկել աստղին անձնական տեսագրություններով։ Դրանից հետո նա ամուսնացել է պարող Քրիս Ջադի հետ, ում հետ հանդիպել էր Love Don’t Cost a Thing տեսահոլովակի նկարահանումների ժամանակ․ նրանց ամուսնությունը տևել է մեկ տարուց էլ քիչ։ Երգչուհու ամենաերկարատև միությունը երաժիշտ Մարկ Էնթոնիի հետ ամուսնությունն էր, ումից նա 2008 թվականի փետրվարին ունեցել է երկվորյակներ Մաքսին և Էմմային։ Իրենց բաժանման մասին նրանք հայտարարել են 2011 թվականին, իսկ ամուսնալուծությունը պաշտոնապես ձևակերպել են երեք տարի անց։
Համացանցում ամենից շատ գրել են Ջենիֆեր Լոպեսի և Բեն Աֆլեքի հարաբերությունների մասին։ Նրանք նշանադրված էին դեռ 2002–2004 թվականներին, սակայն չեղարկել էին հարսանիքը։ Նրանց վերամիավորումը 2021 թվականին և դրան հաջորդած հարսանիքը 2022 թվականի հուլիսին լայնորեն քննարկվում էին մամուլում։ 2024 թվականի օգոստոսին Լոպեսն ամուսնալուծության հայց ներկայացրեց։ Վերջերս 54-ամյա Աֆլեքն անդրադարձել է Լոպեսի կարիերային՝ հայտարարելով, որ շատ բան է սովորել նախկին կնոջից, իսկ երգչուհուն անվանել է «ամենաաշխատասեր մարդը»։















