Ջենիֆեր Լոպեսին նկատել են Սանտա Մոնիկայում Բեն Աֆլեքի հետ տուն փնտրելիս (լուսանկարներ)

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսին այս շաբաթ մեկ քանի անգամ նկատել են Լոս Անջելեսում, գրել է բրիտանական Daily Mail պարբերականը՝ հրապարակելով պապարացիների կողմից արված լուսանկարները։ Պարբերական հավելել է, որ դերասանուհին լուսանկար է հրապարակել դստեր հետ։

13-ամյա դստեր՝ Էմմայի հետ լուսանկարում, ըստ Daily Mail-ի, մայր ու դուստր երկու քույրերի են նման՝ միանման հարդարանքով։ Լոպեսը լուսանկարը հրապարակել է իր ինստագրամյան էջում՝ կից գրելով․ «Հանգստյան օրերի զգացողություններ իմ կոկոսի հետ»։

Ավելի վաղ 51-ամյա դերասանուհուն նկատել էին Սանտա Մոնիկայում՝ սպիտակի և կապույտի համադրությամբ սպորտային հագուստով, որը ցույց էր տալիս նրա հիանալի կառուցվածքը։

Բացի այդ, Լոպեսին, որը հաջորդ շաբաթ կդառնա 52 տարեկան, նկատել են իր սիրելիի՝ 48-ամյա դերասան և ռեժիսոր Բեն Աֆլեքի և իր երեխաների հետ Սանտա Մոնիկայում տուն փնտրելիս։ Զույգը մի քանի տարբեր տուն է նայել՝ ենթադրաբար փորձելով հարմար մի բան գտնել համատեղ կյանքի և 5 երեխաների համար։

Հիշեցնենք, որ Ջենիֆեր Լոպեսն ամերիկացի նախկին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ նշանադրությունը պաշտոնապես չեղյալ հայտարարելուց շաբաթներ անց ռոմանտիկ ուղևորության է մեկնել նախկին փեսացուի՝ հայտնի դերասան Բեն Աֆլեքի հետ։ Զույգն արդեն չի թաքցնում հարաբերությունները, որոնց մասին ԶԼՄ-ները վերջերս անդադար գրում են և պատրաստվում է միասին ապրել։

Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը նշանադրված են եղել 2002-ից 2004 թվականներին։ Լոպեսը մի առիթով Աֆլեքից բաժանությունն անվանել է «իր կյանքի առաջին մեծ վիշտը»։ Աղբյուրը նշել է, որ Լոպեսի և Աֆլեքի հարաբերությունները երգչուհու նախկին փեսացուին զարմացրել են։ Ավելի ուշ երգչուհին ամուսնացել է երաժիշտ Մարք Էնթոնիի հետ և նրանից զույգ երեխաներ ունի՝ 13-ամյա Էմման և Մաքսը, իսկ Բեն Աֆլեքն ամուսնացած է եղել դերասանուհի Ջենիֆեր Գարների հետ, որի հետ համատեղ կյանքի ընթացքում ունեցել է 3 երեխա՝ 15-ամյա Վիոլետը, 12-ամյա Սերաֆինան և 9-ամյա Սամուելը։ Վերջին շրջանում Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը բազմիցս միասին ժամանակ են անցկացրել՝ երեխաների մասնակցությամբ։