60-ամյա արգենտինուհին ճանաչվել է «Միսս Բուենոս Այրես», այժմ էլ հավակնում է «Միսս Արգենտինա» տիտղոսին

60-ամյա արգենտինուհի, մասնագիտությամբ իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու «Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթին։

«Ես շատ հուզված եմ և պատիվ եմ համարում «Միսս Բուենոս Այրես 2024» տիտղոսի նվաճումը: Ես ուզում եմ բոլոր կանանց ցույց տալ, որ գեղեցկությունը տարիք չունի, և որ մենք կարող ենք կոտրել կարծրատիպերը: Ես ֆիզիկապես մարզվել եմ, աշխատել եմ ինքնավստահությանս վրա և կատարելագործել եմ հմտություններս բեմում: Ես ուզում էի ցույց տալ, որ կանանց ուժը սահմաններ չունի», – նշել է նա:

Խոսելով երիտասարդ արտաքինի և այն մասին, թե ինչպես է իրեն հաջողվում այդքան լավ տեսք ունենալ այս տարիքում՝ Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսն ասել է, որ շաբաթական երեք անգամ մարզվում է, որոշակի ժամերի ծոմ է պահում և փորձում է հնարավորինս առողջ սնվել՝ միաժամանակ օգտագործելով մաշկի լավ քսուքներ։