Կիլիան Մերֆին կնկարահանվի «Սուր հովարներ»-ի նոր եթերաշրջանում

Իռլանդացի դերասան Կիլիան Մերֆին պաշտոնապես կվերադառնա «Սուր հովարներ» (անգլ.՝ Peaky blinders) կուլտային սերիալում Թոմաս Շելբիի դերին, հայտնում է Birmingham World-ը։

Երկար սպասված նկարահանումները կսկսվեն այս տարվա սեպտեմբերին, սակայն դեռ հայտնի չէ, թե երբ սպասել պրեմիերային։

Սցենարիստ Սթիվեն Նայթը նշել է, որ գրեթե ավարտել է սերիալի սցենարը և աշխատում է վերջին տեսարանների վրա։

Պատասխանելով Մերֆիի հավանական վերադարձի մասին հարցին՝ սցենարիստն ասել է. «Նա հաստատ վերադառնում է: Մենք նկարահանելու ենք սեպտեմբերին»:

Հիշեցնենք, որ «Սուր հովարներ» սերիալը թողարկվել է 2013 թվականից մինչև 2022 թվականի ապրիլ։ Ընդհանուր առմամբ թողարկվել է վեց եթերաշրջան։ Իրադարձությունները տեղի են ունենում 1919 թվականին Մեծ Բրիտանիայում, որն ապրում է Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքները։ Սյուժեն կենտրոնանում է հանցավոր խմբավորումների պայքարի վրա, որոնց թվում ամենահզորներից են «Սուր հովարներ»-ը: