Մայքլ Ջեքսոնի մասին ֆիլմը սուր քննադատությունների է արժանացել

Մայքլ Ջեքսոնի մասին կենսագրական նոր ֆիլմը՝ «Michael»-ը, արդեն հայտնվել է սուր քննադատության կենտրոնում։ Չնայած ֆիլմում փոփ արքայի դերում հանդես է գալիս նրա եղբորորդին՝ Ջաաֆեր Ջեքսոնը, և ներկայացվում է աստղի ճանապարհը «Jackson 5»-ից մինչև սոլո փառք, շատ քննադատներ այն համարում են միակողմանի ու մաքրագրված պատմություն, գրում է Radar-ը։

Ֆիլմը ամբողջությամբ շրջանցում է Ջեքսոնի շուրջ եղած սեռական բռնության մեղադրանքները․ որոշ տեսարաններ նույնիսկ հանվել են՝ նախկին գաղտնի համաձայնագրերի պատճառով։ Արդյունքում, ըստ քննադատների, ստեղծվել է կենսագրություն, որը խուսափում է ամենաբարդ ու հակասական հարցերից։

Մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ ֆիլմը բնութագրել են որպես «մակերեսային», «կլիշեներով լցված» և նույնիսկ «անհոգի կոմերցիոն նախագիծ»։ Նշվում է, որ այն ավելի շատ վերարտադրում է երգչի հայտնի տեսարաններն ու շոուները, քան բացահայտում մարդուն՝ իր հակասություններով։