Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի նախաշեմին հայ հայտնիներից շատերը կոչ են արել մասնակցել ամենամյա «Ջահերով երթին»։ Նրանք այս մասին հայտնել են իրենց սոցցանցերի «սթորի» բաժիններում։
Նման կոչով հանդես են եկել ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը, երգչուհիներ Սիրուշոն, Սոֆի Մխեյանը, երգիչներ՝ Արաբո և Ներսիկ Իսպիրյանները, Ափո Սահակյանը։
Երթն այս տարի անցկացվելու է «Պայքարը շարունակվում է» կարգախոսի ներքո՝ խորհրդանշելով հայ ժողովրդի անկոտրում կամքն ու արդարության համար մղվող աննահանջ պայքարը։
Երթը սկսվելու է ժամը 20։00-ին Երևանի Հանրապետության հրապարակից և անցնելու է Ամիրյան փողոցով, Մաշտոց պողոտայով, Բաղրամյան պողոտայով, Կիևյան փողոցով, մինչև Ծիծեռնակաբերդ։
Հիշեցնենք, որ 1999 թվականից ի վեր այն կազմակերպում է ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը։ Ավանդաբար «Ջահերով երթի» ժամանակ ջահակիրներն այրում են Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները, որից հետո է մեկնարկում երթը դեպի Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։
Նախորդ տարի այն անցկացվում էր «Մի՛ ուրացիր» կարգախոսի ներքո։















