Ամերիկացի կատակերգու, դերասան Ադամ Սենդլերը գլխավոր դերով հանդես կգա բասկետբոլի մասին Netflix-ի նոր՝ Hustle ֆիլմում, հաղորդում Է Variety-ն:
Ֆիլմի ռեժիսորը Ջերեմայա Սագարն է, պրոդյուսերը՝ «Լոս Անջելես Լեյքերս» ակումբի պրոֆեսինալ բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը, սցենարի հեղինակներն են Ուիլ Ֆետերսը և Թեյլոր Մատերնեն։
Ադամ Սենդլերը կխաղա բասկետբոլային սկաուտի դերը (ակումբի հաստիքային աշխատակից, որը մրցակիցների մակարդակի մասին տեղեկություններ է հավաքում): Աշխատանքից հեռացվելուց հետո նա որոշում է արտասահմանից տաղանդավոր խաղացողի բերել և նրան NBA-ում հայտնվելու հնարավորություն տալ և այդպիսով իր կարիերան նորից սկսել:
Կորոնավիրուսի համավարակի պատճառով առայժմ տեղեկություններ չկան, թե երբ Netflix-ը կվերսկսի նկարահանումները։ Չի բացառվում, որ հնարավորության դեպքում Hustle-ից առաջ դերասանը կնկարահանվի ևս մեկ ֆիլմում։
Նախորդ տարի Սենդլերը «Չմշակված թանկարժեք քարեր» ամերիկյան քրեական թրիլերում կերտած դերի համար արժանացել էր կինոքննադատների գովեստին: