Ռիզ Ուիզերսփունն «Օրենքով շիկահերը» ֆիլմի առաջին մասից 20 տարի անց կնկարահանվի ֆիլմի երրորդ մասում

Հոլիվուդյան դերասանուհի Ռիզ Ուիզերսփունն «Օրենքով շիկահերը» ֆիլմի առաջին մասից 20 տարի անց կնկարահանվի ֆիլմի երրորդ մասում, գրում է The Hollywood Reporter-ը:

Դերասանուհին նոր ֆիլմում կմարմնավորի իր հերոսուհի Էլ Վուդսին։ Ֆիլմի շարունակության մասին լուրերը շրջանառվում են արդեն մի քանի տարի․ հաղորդվում էր, որ ֆիլմը պետք է թողարկվի 2020 թվականին։

Այժմ հաստատվել է, որ ֆիլմն էկրան կբարձրանա, սակայն պրեմիերայի ամսաթվի վերաբերյալ դեռևս տեղեկություներ չեն հաղորդվում:

MGM կինոստուդիայում հաստատել են կատակերգության երրորդ մասի սցենարիստներին՝ Մինդի Քալինգին և Դենիել Գուրին։

Ֆիլմի ստեղծողներն ակնարկել են, որ ֆիլմի նոր մասը կպատմի գլխավոր հերոսուհու քաղաքական կարիերայի մասին։

Առաջին ֆիլմը, որը թողարկվել է 2001 թվականին, Ուիզերսփունին համաշխարհային համբավ է բերել։ Ֆիլմի շարունակությունը՝ «Օրենքով շիկահերը 2»-ը, հեռուստադիտողների դատին է հանձնվել երկու տարի անց։