«Գյումրու օր»  տոնակատարությունը կնշվի սեպտեմբերի 5-ին․միջոցառումները կտեղափոխվեն առցանց հարթակ

«Գյումրու օր»  տոնակատարությունն այս տարի կնշվի սեպտեմբերի 5-ին: Համավարակի պատճառով լայնամասշտաբ միջոցառումները կտեղափոխվեն առցանց հարթակ:
Տոնը կրելու է «Իմ սեր, Գյումրի» խորագիրը: Տոնական տրամադրությունը տարածելու համար և օրվա խորհրդով  պայմանավորված կօգտագործվեն համացանցի բոլոր հնարավորությունները, կտարածվեն տեսանյութեր ու տեսաուղերձներ:
Գյումրեցի արվեստաբան, գծանկարիչ Լևոն Լաճիկյանի «Գյումրի, իմ սեր» շարքի գծանկարներից մեկը, որպես լոգոտիպային հետնանկար, արդեն տարածվում է համացանցում:

Գյումրու երկու պետական՝ ժողգործիքների ու սիմֆոնիկ նվագախմբերի մասնակցությամբ տոնական համերգ կնկարահանվի «Սև բերդ» ամրոցից  ու կհեռարձակվի ուղիղ եթերով:
Օրվա ընթացքում պաշտոնապես կբացվեն Գյումրու քաղաքապետարանում տեղակայված «Կենտրոնական գրադարան»-ը, «Պատմության թանգարան»-ն ու համայնքային ցուցասրահը: Նույն օրը կլինի նաև «Յուրի Վարդանյանի անվան ծանրամարտի մարզադպրոց»-ի բացման արարողությունը: Հիմնանորոգումից հետո կվերաբացվի նաև «Մայր Հայաստան»  հուշահամալիրի տարածքը: