Հայտնի է, թե ով կփոխարինի Գրինդևալդի դերակատար Ջոննի Դեփին «Ֆանտաստիկ արարածները» ֆիլմում

Դանիացի դերասան Մադս Միքելսենը կփոխարինի հոլիվուդյան դերասան Ջոննի Դեփին՝ «Ֆանտաստիկ արարածները» նոր ֆրանշիզայում մարմնավորելով սև կախարդ Գրինդևալդին: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով Reuters գործակալությանը:

Նշվում է, որ այս տեղեկությունը հաստատել է Warner Bros. ստուդիան:

Ավելի վաղ Ջոննի Դեփը հայտնել էր, որ այլևս չի մարմնավորի սև կախարդ Գելլերտ Գրինդևալդին «Ֆանտաստիկ արարածները» նոր ֆրանշիզայում:

Նա հավելել էր, որ նախատեսում է Վճռաբեկ դատարան դիմել և վստահորեն մտադիր է ապացուցել, որ իր իր հասցեին առաջադրված մեղադրանքները ոչնչով հիմնավորված չեն:

Դերասանը տանուլ է տվել The Sun թերթի դեմ դատական գործում: Դեփը թերթին մեղադրում էր զրպարտության մեջ, քանի որ լրատվամիջոցը գրել էր, թե դերասանը ծեծում է իր արդեն նախկին կնոջը՝ Էմբեր Հյըրդին: