Ջենիֆեր Լոպեսը Բեն Աֆլեքից բաժանվելուց հետո դիմել է հոգեթերապևտի

Ջենիֆեր Լոպեսն անկեղծացել է, որ 2024 թվականին Բեն Աֆլեքից բաժանվելուց հետո մեղքի զգացում է ունեցել և ինքն իրեն է մեղադրել «ամեն ինչ փչացնելու համար»:

SiriusXM-ի ռադիոեթերում 57-ամյա երգչուհին կիսվել է իր մասնագետի խորհրդով. «Թերապևտն ասաց. «Դու դեռ այնքան երիտասարդ ես։ Պարզապես շարունակիր առաջ շարժվել։ Ճանաչիր ինքդ քեզ և սովորիր սիրել քո բոլոր կողմերը, նույնիսկ այն մեկը, որն անհույս ռոմանտիկ է»:

Արտիստի խոսքով՝ հոգեբանական աջակցությունն իրեն օգնել է հաղթահարել այդ շրջանն ու վերարժևորել անցածը. «Ամեն ինչ գիտակցելու համար ժամանակ պահանջվեց։ Եվ դա նորմալ է։ Ի վերջո, այդ հարաբերություններում սեր, ցավ ու կարևոր դասեր կային։ Ինչ-որ պահի հասկանում ես, որ բացարձակապես կարևոր չէ, թե ինչպես են ուրիշները վարվել քեզ հետ։ Կարևորն այն է, թե ինքդ ինչ ես արել, ինչպես ես հայտնվել այդ իրավիճակում և որքան լավ ես հասկանում ինքդ քեզ»։

Հիշեցնենք, որ աստղային զույգի պատմությունը սկիզբ է առել 2001-ին՝ «Ջիլի» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Մեկ տարի անց՝ 2002-ի նոյեմբերին, նրանք նշանադրվեցին, սակայն 2003-ի սեպտեմբերին՝ նախատեսված հարսանիքից հաշված օրեր առաջ, հետաձգեցին այն, իսկ 2004-ի հունվարին վերջնականապես բաժանվեցին։

Երկու տասնամյակ անց՝ 2022 թվականին, Լոպեսն ու Աֆլեքը վերսկսեցին հարաբերություններն ու օրինականացրին դրանք, բայց ընդամենը երկու տարի անց նրանց ամուսնությունը կրկին ավարտվեց ամուսնալուծությամբ։