Հարավկորեական BTS խումբը դատապարտել է ասիական ծագում ունեցող ամերիկացիների նկատմամբ աճող բռնությունը, աշխարհում ասիացիների նկատմամբ խտրականությունը և հարձակումները՝ կոչ անելով վերջ տալ ատելությանը, գրում է Insider-ը։
«Մենք դեմ ենք ռասայական խտրականությանը։ Մենք դատապարտում ենք բռնությունը։ Մենք, դուք և բոլորը արժանի են հարգանքի։ Մենք պետք է սատարենք միմյանց»,- ասված է խմբի թվիթերյան գրառման մեջ։
Խումբը նաև ցավակցություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր բռնության հետևանքով կորցրել են իրենց սիրելիներին՝ հայտարարելով, որ «կիսում են նրանց կորստյան վիշտը և զայրույթը»։
«Մեզ առանց պատճառի հայհոյել են, ծաղրել են արտաքինի համար։ Մեզ նույնիսկ հարցրել են՝ ինչու ենք ասիացի լինելով հանդերձ անգլերեն խոսում։ Բառերով անհնար է նկարագրել այն ցավը, որ զգացել ենք։ Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին մեր սեփական ապրումներն էական չեն, սակայն այդ ապրումները բավական էին, որպեսզի մենք մեզ անզոր զգանք»,- հավելել է խումբը։
Նշենք, որ խմբի հայտարարությունը հրապարակվել է ասիական ծագում ունեցող ամերիկացիների դեմ բռնության ալիքի ֆոնին։