«Եթե պատվաստանյութը չլիներ, կարծում եմ, որ կմահանայի». Բիլլի Այլիշը` կորոնավիրուսի մասին

Բիլլի Այլիշը հյուրընկալվել էր SiriusXM ռադիոհաղորդմանը: Նա խոսել է իր վերջին «Happier Than Ever» ալբոմի, ինչպես նաև «Saday Night Live»-ում իր վերջին ելույթի մասին: Ինչ-որ պահի երգչուհին սկսել է հազալ, և հաղորդավարը նրան հարցրել է՝ արդյոք նա վարակվել է կորոնավիրուսով: Աստղը պատասխանել է, որ շոու գնալուց առաջ թեստ է հանձնել, իսկ Covid-19-ով հիվանդացել է դեռ ամռանը: «Օգոստոսին հիվանդ էի, բայց ոչ ոք չգիտեր այդ մասին»,- ասել է երգչուհին։

Այլիշը խոստովանել է, որ հիվանդությունը բարդ էր. «Ես դեռ կողմնակի բարդություններ ունեմ, ես հիվանդ էի գրեթե երկու ամիս: Ուզում եմ ընդգծել, որ պատվաստանյութի շնորհիվ է, որ լավ եմ: Եթե ​​այն չլիներ, կարծում եմ կմահանայի, քանի որ ինձ շատ վատ էի զգում: Գրեմմիի 19-ամյա դափնեկիրն ավելացրել է նաև, որ, իր կարծիքով, պատվաստանյութը կարողացել է պաշտպանել իր սիրելիներին վարակից, երբ ինքը հիվանդ է եղել: