Սիլվեստր Ստալոնեն խոսել է իր դաժան հոր մասին

Դերասան Սիլվեստր Ստալոնեն Netflix-ի նոր Sly վավերագրական ֆիլմում բացահայտել է իր անցյալի մանրամասները, այդ թվում՝ իր դաժան հոր մասին հիշողությունները: Այս մասին հայտնում է NME-ն։

Նշվում է, որ ֆիլմում դերասանը խորանում է իր մանկության մեջ ու խոսում Հոլիվուդ տանող ճանապարհի մասին։ Այն նաև պարունակում է հարցազրույցներ նրա գործընկերների հետ, ներառյալ Քվենտին Տարանտինոն և Առնոլդ Շվարցենեգերը:

Մասնավորապես, դերասանն ակնարկել է, որ իր դաժան հայրը ոգեշնչել է իր մի քանի ապագա աշխատանքները. «Իմ հայրն իրականում Ռեմբոն էր»՝ նկատի ունենալով իր դերը 2008 թվականին «Ռեմբո» ֆիլմում:

«Ինձ մեծացրել է շատ խստապահանջ հայր, խոսքով ոչինչ չի լուծվել, սովորաբար դա ֆիզիկական ուժն է եղել»,- պատմել է դերասանը։

Սիլվեստր Ստալոնեն նկարագրել է նաև մի դեպք իր անցյալից, երբ հայրը պատժել է իրեն պոլո խաղի ժամանակ ձի վարելու համար:

«Նա դուրս է գալիս տրիբունաներից, բռնում է կոկորդիցս, գցում է գետնին, վերցնում է ձին ու քայլում դաշտից։ Ես պառկեցի այնտեղ և ասացի. «Կյանքումս երբեք ձի չեմ ուզում տեսնել»,- հիշել է դերասանը: