«Շատ կուզենամ լսողներից յուրաքանչյուրի սրտին դիպչի». Աիդա Արամի

Երգչուհի Աիդա Արամին հեղինակային նոր երգի տեսահոլովակ է ներկայացրել՝ «Ինչ էլ որ լինի»։ Երգչուհու խոսքով՝ կանանց ուժեղ լինելու ու այդ մասին երգի լեզվով խոսելու միտքն իր մոտ վաղուց կար։

«Իրականում շատ աղջիկներ, կանայք չգիտեն, թե որքան ուժեղ են իրենք, շատերն իրենց տեսակն ու արժեքը չեն գանահատում, ես շատ եմ հանդիպել նման աղջիկների, ու սա հանդիսանում էր պատճառ, որ ես այս թեմայի շուրջ ստեղծագործեի։ Նպատակս այն է, որ աշխատանքս մոտիվացնի, սթափեցնի և ընկերոջ նման ասի՝ «մի հուսահատվիր, պայքարիր, ձեռքերդ վայր մի դիր, դու ուժեղ ես, ուղղակի չգիտես, թե քո ներսում ինչ կա»։ Թե՛ երկրի վիճակն էր, թե՛ շուրջս որքան կոտրված աղջիկներ կային վերջին շրջանում, ու պահի տակ՝ 15 րոպեում ստեղծվեց այս երգը, որը անկեղծ է, զգացմունքային, և շատ կուզենամ լսողներից յուրաքանչյուրի սրտին դիպչի այն ուժգնությամբ, որով իմ հոգու խորքից ծնվել է երգը։ Կուզեմ կանայք իմանան, թե որքան ուժ ունեն ու քանի կողմ, որքան շատ բաների կարող են հասնել՝ անկախ դժվար իրավիճակներից»,- խոստովանում է երգչուհին:

Ապրել սովորեցնող երգի տեսահոլովակի ռեժիսորը Հրանտ Մովսիսյանն է: Նա տարբեր կերպարներով վեր է հանել կնոջ տեսակները՝ վշտից, անմեղությունից մինչեւ սեր ու հույզեր փոխանցել կադրի միջոցով։ Կանանց բոլոր կերպարներում հենց Աիդան է։ Խոսելով համագործակցության մասին՝ երգչուհին նշում է․ «Բացի նրանից ոչ ոք չէր կարող ինձ այդպես լսել, հասկանալ, թե ինչ եմ ուզում ես եւ այդքան պատկերավոր ցույց տար։ Կարծես երգն ու տեսահոլովակը երգու ձեռք լինեն՝ իրար հետ ամուր ամբողջացնելով աշխատանքը։ Հրանտն այն մեծությունն է, որի մտքերի մի քանի շերտը նայելիս՝ հասկանում ես, որ նոր բան ես տեսնում։ Ես առաջին անգամ էի ծանոթանում եւ համագործակցում, մենք արագ հասկացանք իրար՝ կես խոսքից»։

Երաժշտության գործիքավորումն իրականացրել է Նիկ Եգիբյանը, իսկ տարբեր հույզեր արտահայտող հանգուստի հեղինակը Արայիկ Գաբաջյանն է։

Երգչուհին ապագա անելիքներից շատ չի սիրում խոսել, բայց չթաքցրեց, որ այս երգն ու տեսահոլովակը ունենալու են շարունակություն՝ եռապատման ձևաչափով։ Բացի այս ամենից նա հիմա ստեղծագործական բուռն շրջանում է՝ ռուսերեն, անգլերեն ու հայերեն նոր երգեր են նրա կողմից գրվել թե՛ իր, թե՛ այլ կատարողների համար։