Երաժշտության մեջ սահմաններ դնել պետք չէ. «Լադանիվա»-ն՝ եվրատեսիլյան երգի, ելույթի և սպասելիքների մասին

«Եվրատեսիլ 2024»  երգի մրցույթում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը «Ժակո» երգով ազատասիրություն է քարոզում, ասում, որ պետք չէ վախենալ սեփական կարծիքն արտահայտել, լինել այնպիսին, ինչպիսին կաս:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խմբի անդամներ Ժակլին Բաղդասարյանն ու Լուի Թոմասը, ապրիլի 22-ին լրագրողների հետ հանդիպեցին խորհրդանշական վայրում՝ Սերգեյ Փարաջանովի թանգարանում. հենց փարաջանովյան մոտիվներով է նկարահանվել «Ժակո» երգի հոլովակը:

Նրանք հավաստիացրին՝ լավ տրամադրություն են փոխանցելու հանդիսատեսին, հնարավորություն են տալու երգել և պարել իրենց հետ:

«Մենք կարծում ենք՝ երգն ուրախ է, պարային է և լավ տրամադրություն ունի, ինչպես նաև՝ լավ հաղորդագրություն»,-նշեց Ժակլինը:

«Ժակո» երգի երաժշտությունը գրել է Լուի Թոմասը, բառերը՝ Ժակլին Բաղդասարյանը: Խումբը ներկայացնում է տարբեր երկրների մշակույթները, ինչի շնորհիվ սիրվեց և ճանաչում գտավ Ֆրանսիայում, Հայաստանում և այլ երկրներում: Նրանք կատարում են հայկական, բալկանյան, աֆրիկյան, սերբական և այլ երաժշտություն:

«Կարծում ենք՝ արվեստում և երաժշտության մեջ սահմաններ դնել պետք չէ: Մենք անում ենք այն, ինչը սիրում ենք»,- ասաց երգչուհին:

Լուի Թոմասը «Ժակո» երգի երաժշտությունը գրել է՝ ոգեշնչվելով ֆրանսիական Ռեյունիոն կղզում լսած երաժշտությունից: