Օրվա թիվը. Իլոն Մասկի կարողությունը հինգ օրում ավելացել է 37 միլիարդ դոլարով

Bloomberg Billionaires Index-ի տվյալների համաձայն՝ ձեռնարկատեր Իլոն Մասկի կարողությունը վերջին հինգ օրվա ընթացքում աճել է 37,3 միլիարդ դոլարով։ Սա նրա շահույթի ամենամեծ շաբաթական աճն է 2022 թվականի մարտից ի վեր։

Նախօրեին Tesla-ի արժեթղթերը թանկացել էին չինական Baidu տեխնոլոգիական ընկերության հետ հնարավոր համագործակցության մասին լուրերի ֆոնին: Միայն ապրիլի 29-ին Իլոն Մասկի կարողությունն աճել է 18,5 մլրդ դոլարով և կազմել 201,5 մլրդ դոլար, ըստ Bloomberg-ի վարկանիշի։ Միաժամանակ Tesla-ի արժեթղթերը նույն օրն աճել են 17,76%-ով։

Նախօրեին հաղորդվել էր, որ Մասկը Չինաստան կատարած այցի ժամանակ պայմանավորվել է համագործակցել չինական Baidu տեխնոլոգիական ընկերության հետ:

Գործակալության տվյալներով՝ Tesla-ն Baidu-ի հետ կմշակի քարտեզագրման և նավիգացիոն համակարգեր՝ FSD-ի ինքնավար վարման ծրագրի ներդրման համար։