Ջենիֆեր Լոպեսը Բեն Աֆլեքի հետ հարաբերություններն անվանել է հիասթափություն

Ջենիֆեր Լոպեսը Friends Keep Secrets փոդքասթում երկար դադարից հետո առաջին անգամ անկեղծորեն խոսել է իր անհաջող ամուսնությունների և Բեն Աֆլեքի հետ ցավոտ բաժանման մասին։

Երգչուհին խոստովանել է, որ վերջին ամուսնալուծությունն իր համար իսկական փորձություն է դարձել, և դերասանի հետ հարաբերություններն անվանել է «հիասթափություն բոլոր մակարդակներում»։

«Դա անհավանական ծանր էր։ Երբ նման բանի միջով ես անցնում, թվում է, թե ուզում ես մեռնել»,- կիսվել է աստղը։

Ջենիֆերը նաև խոստովանել է, որ նախկինում մշտապես ձգտել է հարաբերությունների մեջ լինել՝ ամեն անգամ հուսալով հանդիպել հենց այն միակին։ Սակայն չորս ամուսնալուծությունից հետո նա գիտակցել է, որ նախևառաջ իրեն անհրաժեշտ է հասկանալ ինքն իրեն։

Եվ չնայած ցավոտ փորձին՝ երգչուհին չի բացառում կրկին սիրահարվելու հնարավորությունը։ Ճիշտ է, այժմ Լոպեսը մտադիր է անձնական կյանքը հեռու պահել կողմնակի աչքերից։