Քրիս Հեմսվորթի ընտանիքում սարսափելի միջադեպ է տեղի ունեցել․ դիմակավորված անհայտ անձինք ներխուժել են Ավստրալիայում գտնվող դերասանի առանձնատան տարածք, հայտնում է People-ը։
Աղբյուրների տեղեկություններով՝ գիշերվա ժամը երկուսի սահմաններում Էլզան արթնացել է շների բարձր հաչոցից։ Սակայն դերասանուհին դրան նշանակություն չի տվել և նորից պառկել է քնելու։ Միայն առավոտյան՝ տեսախցիկների տեսագրությունները դիտելուց հետո, ամուսինները հայտնաբերել են, որ իրենց տարածք են ներխուժել բալակլավաներով չորս անհայտ տղամարդիկ, որոնցից երկուսը, ենթադրաբար, զինված են եղել դանակներով։
Ինչպես պարզվել է, չարագործները մագլցել են առանձնատան ցանկապատի վրայով և քայլել անմիջապես ավտոտնակ։ Մեքենաների բանալիները թողնված են եղել ներսում, ինչից էլ օգտվել են հանցագործները։ Դրանից հետո կողոպտիչները փախուստի են դիմել առևանգված տրանսպորտային միջոցներով։
Առավոտյան ամուսինները դիմել են ոստիկանություն։ Դեպքի վայր ժամանած իրավապահ մարմինների աշխատակիցները զննել են տարածքը և սկսել հետաքննություն։ Բարեբախտաբար, միջադեպի ժամանակ ոչ ոք չի տուժել։ Ավելի ուշ ոստիկանությանը հաջողվել է հայտնաբերել բոլոր երեք ավտոմեքենաները։















