«Իմ Արցախը դու ես Ապա, ու իմ Արցախը երբե՛ք չի պարտվել». Արսեն Սաֆարյան

Երգիչ Արսեն Սաֆարյանը, ով Արցախի պատերազմի առաջին օրերից ռազմաճակատ էր մեկնել, Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել՝ պատմելով պատերազմի օրերի հուշերից:

«Նա գյուղի մեծն է՝ Ապան՝ Կուսապատի Ապան:

Գյուղում գրեթե մարդ չկար, պատերազմ էր: Ապան ոչ մի տեղ չէր գնացել, իր տանն էր: Լսել էր, որ իրենց գյուղում եմ, եկավ, որ ինձ տեսնի, զրուցենք: Հայացքը հպարտ էր, ազնվական, ժպտում էր անկեղծ ու բարի աչքերով: Գյուղի ջոկատի նախկին «կամանդիրի» ձեռքին հասարակ մահակը կայսերական գավազանի նման էր: Հաղթած էր ու ինչքա՜ն էր հաղթած:

Հարազատ անտառում կանգնած իսկական հպարտ ու ամուր կաղնի, որ գիտեր իր արմատների խորությունը:

Պատմում էր ու պատմում, վառվում էին աչքերը, երբ հիշում էր իր հաղթական ջոկատը: Ուրախ էի, ես էլ էի հպարտանում: Մի ուրիշ ձևով էր պատմում, թա՜նկ էր պատմում…

Ամեն անգամ, երբ հիշում եմ նրան, ամեն ինչ նորից եմ վերապրում:

Իմ Արցախը դու ես Ապա, ու իմ Արցախը երբե՛ք չի պարտվել:

Ես քեզ պարտք մնացի… »,- գրել է նա:

Հիշեցնենք, որ երգիչն Արցախ մեկնելու մասին հայտնել էր ֆեյսբուքյան իր էջի միջոցով: Պատերազմի ընթացքում համացանցում նաև տեսանյութ տարածվեց, որտեղ Արսենն Արցախում երգում էր «Պարոնայք սպաներ» երգը: