Ապստամբություն Coca-Cola-ի դեմ. իտալացի ֆուտբոլիստը հետևել է Ռոնալդուի օրինակին և իր դիմաց դրված գազավորված ըմպելիքները փոխարինել ջրով (տեսանյութ)

Իտալիայի ազգային հավաքականի աստղ, ֆուտբոլիստ Մանուել Լոկատելլին, Շվեյցարիայի հետ խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում չի ցանկացել նստել Coca-Cola-ի շշերի դիմաց: Այս մասին տեղեկանում ենք Sky Sports News-ի թվիթերյան պաշտոնական էջից:

Նա հետևել է պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի օրինակին և մի կողմ է հրել գազավորված ըմպելիքը՝ իր առջև ջրի շիշ դնելով:

Նկատենք, որ Coca-Cola-ն Եվրոպայի առաջնության հովանավորն է:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նպաստել էր Coca-Cola ընկերության արժեթղթերի գնի նվազմանը՝ մամուլի ասուլիսներից մեկի ընթացքում ապրանքանիշի խմիչքի շշերն իրենից հեռացնելով: Դրա հետևանքով ընկերությունը գրեթե 4 միլիարդ դոլար է կորցրել:

Ֆուտբոլիստը մամուլի ասուլիսի էր եկել «Եվրո-2020»-ի խմբային փուլի Հունգարիայի հավաքականի դեմ խաղից առաջ, որը տեղի է ունեցել հունիսի 15-ին Բուդապեշտում: Իր տեղը զբաղեցնելուց հետո նա մի կողմ է հրել Coca-Cola-ի շշերը, որն ՈւԵՖԱ-ի և «Եվրո-2020»-ի պաշտոնական հովանավորն է, և փոխարենը թողել է միայն ջուրը:

«Ջուր խմե՛ք», – լուրջ տոնով ասել էր Ռոնալդուն: