Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում ցուցադրում են նորագույն iPhone 13 Pro Max սմարթֆոնը: Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, 3 րոպե տևողությամբ հոլովակում ներկայացվել է Apple-ի նորագույն շարքի ամենաթանկարժեք սմարթֆոնը:
Տեսանյութի հեղինակը ցուցադրում է, թե ինչպես է բացում նոր ստացած ոսկեգույն սմարթֆոնի փաթեթը՝ նշելով, որ նորույթի տուփն իսկապես պլաստիկե թաղանթ չունի, ինչի մասին ավելի վաղ հայտնում էին ԶԼՄ-ները: Դրա փոխարեն թղթե կպչուն ժապավեն է տեղադրված:
Սմարթֆոնի փաթեթում ներառված է եղել լիցքավորման լարը, սիմ-քարտի դուրսբերման համար նախատեսված հարմարանքը և փաստաթղթեր:
Տեսանյութում ևս մի քանի տուփեր են երևում, սակայն չի մեկնաբանվում, թե ինչպես են սմարթֆոնները հայտնվել բլոգերի մոտ, նախքան վաճառքի մեկնարկը:
Հիշեցնենք, որ ամերիկյան տեխնոլոգիական հսկան նոր շարքի սմարթֆոնները ներկայացրել էր սեպտեմբերի 14-ին, իսկ վաճառքում դրանք կհայտնվեն ամսվա վերջին: