Մենք արդեն մեր ընթերցողին հասցրել էինք ներկայացնել, որ պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, նոր հումորային նախագիծ է սկսում, որն արդեն մարտի 9-ից կլինի Արմենիա TV-ի եթերում։
Նոր նախագծում՝ «Հարս չկա»-ում, ընդգրկված է նաև դերասանուհի, մոդել Էլեն Ասատրյանը, ով էլ դարձել է մեր այսօրվա զրուցակիցը։ Էլենը ShowBiz.am-ի հետ կիսվել է իր նոր դերի մանրամասներով, խոսել երգարվեստում սպասվող նորություններից, նոր ֆոտոշարքից, անձնական կյանքում տիրող երջանկությունից, ինչպես նաև անդրադարձել իր հետաքրքիր ոճին ու նոր կատարած ոճափոխությանը։
– Ինչպե՞ս ստացվեց, որ հայտնվեցիք Մենչի նոր «Հարս չկա» հումորային նախագծում։
– Մենչի հումորային նախագծում հայտնվել եմ շատ պատահական։ Շատ պատահական ստացել եմ առաջարկ, անցել եմ քասթինգ և քասթինգի արդյունքում արդար կերպով ընտրվել եմ ես: Կարծում եմ, որ իմ կերպարը կկարողանամ լավ կերտել ու կկարողանամ ինքս ինձ արդարացնել, այսինքն՝ հուսախաբ չեմ անի այն թիմին, որն ինձ վստահել և ընտրել է։
– Կպատմե՞ք մի փոքր Ձեր դերի մասին։
– Կերպարը ավելի շատ ոչ թե վատն է, այլ մի աղջկա մասին է, ով իր քույրիկի հակապատկերն է։ Ես մարմնավորելու եմ Անի Խաչիկյանի քույրիկի կերպարը, նրանք լրիվ հակառակ բևեռներ են, իրարից բավականին տարբեր։ Անիի կերպարն ավելի սիրված է, նա ավելի շատ է հայտնվում ուշադրության կենտրոնում, իսկ իմ կերտած հերոսուհին ուրիշ կյանքով է ապրում, ավելի թեթև ու ազատ, բայց ոչ՝ վատ։
– Ինչքանո՞վ է այն Ձեզ համապատասխանում։
-Կերպարս դեռ չեմ կարող ասել ինձ համապատասխանում է, թե՝ ոչ, որովհետև դեռ չեմ խաղացել, քանի որ նկարահանումները դեռևս չեն սկսվել, և երբ ավելի մոտիկից կծանոթանամ կերպարիս, կկարողանամ ավելի հստակ այս հարցին պատասխանել։ Առայժմ միայն կասեմ, որ չեմ կարծում, թե այն ինձ նման է, քանի որ ընդհանուր ոչինչ դեռ չեմ տեսել։
– Երգարվեստում ի՞նչ նորություններ ունեք։ Նոր տեսահոլովակ պատրաստո՞ւմ եք։
– Երգարվեստում նորություններ ունեմ։ Պատրաստում էի նոր տեսահոլովակ, բայց քանի որ անակնկալ կերպով հայտնվեցի նոր սիթքոմում: Նկարահանումները գուցե ինձ խանգարեն ներկա պահին որևէ ավելի հստակ բան անել ու ավելի կենտրոնացած և քրտնաջան աշխատել, բայց ես կարծում եմ, որ շուտով նորություն կունենամ, համենայնդեպս, այս տարի նորություն հաստատ կլինի։
– Ինստագրամում բավականին ակտիվ եք և վերջերս նաև նոր ֆոտոշարքով եք ներկայացել։ Կպատմե՞ք՝ ինչպես առաջացավ դրա գաղափարը և արդյո՞ք այն շարունակական բնույթ կկրի։
-Ինստագրամում նոր ֆոտոշարքով հանդես գալու մասին կարող եմ ասել, որ ես վաղուց չէի ունեցել անհատական ֆոտոսեսիա ու հասկացա, որ իմ հետևորդները իսկապես սիրում են ինձ, սպասում են նոր լուսանկարների: Կարծում եմ, որ հանրային մարդը, ով շատ ակտիվ է վիրտուալ տիրույթում, պետք է շատ հաճախ ներկայանա նոր լուսանկարներով՝ նոր կերպարների և ոճերի միջոցով, որոնք կլինեն որակյալ: Ես կարողացա գտնել լուսանկարչի, ում հետ համագործակցությունը շատ հաջողված էր ու այն նաև կրում է շարունակական բնույթ, և ես շուտով կներկայացնեմ նոր լուսանկարներ։
– Անձնական կյանքում ի՞նչ նորություններ և փոփոխություններ կան, որոնցով կցանկանաք կիսվել մեզ հետ։
– Անձնական կյանքիս մասին խոսել չեմ ուզում, միայն կարճ կասեմ, որ սիրում եմ և շատ սիրված եմ, փառք Աստծո։ Հուսամ, որ վատ մարդկանց աչքին սա շատ չի երևա ու ես հանգիստ կկարողանամ մշտապես ինձ հետևող մարդկանց հետ կիսվել նույնիսկ իմ անձնական նորություններով։ Բայց չեմ ուզում ավելի շատ փակագծեր բացել, ընդամենը կասեմ, որ ես շատ երջանիկ եմ։ Նրանք, ովքեր իսկապես ուրախանում են իմ երջանկությամբ, տեղյակ են, թե ով է իմ սիրելին և թե ես ինչքան երջանիկ եմ նրա հետ։ Իսկ բոլոր նրանք, ովքեր ինձ միայն վատաբանում ու փնովում են, հույս ունեմ՝ ինչքան հնարավոր է հեռու կմնան ինձնից։
– Միշտ ոճային և հետաքրքիր կերպարներով եք հանդես գալիս. ինքնե՞րդ եք ընտրում Ձեր ոճը, թե՞ համագործակցում եք ոճաբանի հետ։
– Ոճաբան ես ինքս չունեմ, բայց վերջերս ոճափոխվել եմ՝ հիմնական շեշադրում անելով սանրվածքի վրա։ Ասեմ, որ ես պարզապես իմ կողքին ունեմ թանկ մարդ, ով ինձ համար և ընկեր է, և սիրելի էակ ու նա ինձ շատ ճիշտ ուղղություններ է ցույց տալիս և միշտ մոտիվացնում է։
Հեղինակ՝ Լուս Ավագյան