Բրիտանացի հայտնի դերասանուհի Քեյթ Ուինսլեթը The Guardian պարբերականին տված հարցազրույցում հայտնել է, որ երիտասարդ տարիներին իր քաշի վերաբերյալ հրապարակային քննադատություններն իրեն ստիպել են մշտապես մտածել ավելորդ քաշի և դրա վերաբերյալ հարցերից «պաշտպանվելու» մասին։
«Երբ երիտասարդ էի, մարդիկ շատ էին խոսում իմ քաշի մասին։ Հետո լրագրողները խնդրում էին մեկնաբանել իմ տեսքը»,- ասել է դերասանուհին՝ նշելով, որ հարցազրույցների ժամանակ միշտ փորձել է «պաշտպանվել» այդ քննադատություններից։
«Տիտանիկ» ֆիլմի աստղը պարբերականին պատմել է, որ վերջերս վերընթերցել է իր քաշի մասին գրված հոդվածներից մի քանիսը՝ հավելելով, որ «զարմացած էր, թե իր հանդեպ որքան դաժան են եղել ԶԼՄ-ները»։
«Այն, թե որքան քննադատաբար էին վերաբերվում ինձ, գրեթե ծիծաղելի էր, ապշեցուցիչ և դաժան»,- հավելել է դերասանուհին։
Ուինսլեթը նաև խոստովանել է, որ ցավում է սեռական ոտնձգությունների համար մեղադրվող ռեժիսորներ Վուդի Ալենի և Ռոման Պոլանսկիի ֆիլմերում նկարահանվելու համար։
«Ես հասկացա, որ նրանց հետ աշխատելն ինձ համար թանկ արժեցավ։ Ես չպետք է աշխատեի Վուդիի կամ Պոլանսկիի հետ»,- ասել է դերասանուհին՝ խոստովանելով, որ սխալ որոշում կայացնելու մեղավորությունն ամբողջ կյանքում կտանջի իրեն։