Բրիտանացի դերասանուհի Էմիլիա Քլարկը, որը համաշխարհային ճանաչում է ստացել «Գահերի խաղը» սերիալում Դեներիս Թարգարիենի դերով, THR-ի հետ զրույցում պատմել է, թե ինչ է մտածում շոուի պրիքվելների մասին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ HBO-ն աշխատում է միանգամից մի քանի նախագծերի վրա, որոնք կապված են հայտնի նախագծի հետ: Դրանցից մեկը Թարգարիենների մասին պատմող «Վիշապի տունն» է, որի պրեմիերան նախատեսվում է 2022 թվականին, ինչպես նաև «Ինը ճանապարհորդությունը» և «Տասը հազար նավը»:
Դերասանուհու խոսքով՝ «Վիշապի տան» մասին իրեն պատմել է Միգել Սապոչնիկը՝ նախագծի շոուրաններներից մեկը և նրա մտերիմ ընկերը:
«Ես պատրաստ էի այդ լուրին։ Բայց այնուամենայնիվ դա խելահեղ է: Երբ տեսա նկարահանումներից առաջին կադրերը, մտածեցի.«Վա՜ու»: Նախորդ անգամ ես մենակ էի, և չգիտեի, որ ընկերներ ունեմ (նկատի ունենալով մյուս Թարգարիեններին),- ծիծաղելով պատմել է Քլարկը։ – Եվ այնուամենայնիվ, զարմանալի է այս ամենը կրկին տեսնելը: Ես սրտանց հաջողություն եմ մաղթում նախագծի բոլոր մասնակիցներին»:
Նա հավելել է, որ շատ ուրախ է սերիալի պրիքվելների հայտնվելու համար:
Հիշելով «Գահերի խաղը»՝ Էմիլիա Քլարկը պատմել է, որ մինչ օրս շարունակվում է լավ շփումը նախագծի գործընկերների հետ, որին նվիրել է գրեթե տասը տարի: «Ես գիտեմ, որ նրանց հետ ընկերություն եմ անելու մինչև իմ մահը»,- վստահ է նա:
Նույն ջերմությամբ «Գահերի խաղի» աստղը խոսել է նաև իր հերոսուհի Դեյներիս Թարգարիենի մասին: «Նա իմ սրտի մի մասն է, այդ պատճառով ես երբեք չեմ մոռանա նրան»,- նշել է դերասանուհին: