Ջեյ Լոն չեղարկել է Սեն Տրոպեի ռեստորաններից մեկում ամրագրումը, որպեսզի չհանդիպի նախկին փեսացուին (լուսանկարներ)

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսի նախկին փեսացուն՝ 45-ամյա բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը հանգիստն է վայելում ֆրանսիական Ռիվիերայի Սեն Տրոփե քաղաքում, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ նրան նկատել են 35-ամյա հեռուստահաղորդավար Մելանի Քոլինզի հետ։

Հայտնի է, որ Ռոդրիգեսը, որը վաղը տոնելու է ծննդյան 46-րդ տարեդարձը, որոշել է այն անցկացնել նավի վրա։

Հայտնի է նաև, որ Ջենիֆեր Լոպեսը չեղարկել է Սեն Տրոփեյի ռեստորաններից մեկում արված ամրագրումը՝ քանի որ նույն ռեստորանում սեղան էր ամրագրել նաև Ալեքս Ռոդրիգեսը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Լոպեսը հանգստյան օրերին նշել է ծննդյան 52-րդ տարեդարձը: Համացանցում են հայտնված լուսանկարներում Ջենիֆեր Լոպեսն ու դերասան Բեն Աֆլեքը հանգստանում են նավի տախտակամածին: Իրենց հարաբերությունները պաշտոնապես հաստատել է նաև Լոպեսը` գրառում անելով իր ինստագրմյան էջում: Երգչուհին լուսանկար է հրապարակել, որում երևում է մեկ այլ ռետրո լուսանկար՝ արված 2002 թվականին, որում Ջենիֆեր Լոպեսն ու դերասան և ռեժիսոր Բեն Աֆլեքն են։

Հիշեցնենք, որ Ջենիֆեր Լոպեսն ամերիկացի նախկին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ նշանադրությունը պաշտոնապես չեղյալ հայտարարելուց շաբաթներ անց ռոմանտիկ ուղևորության է մեկնել նախկին փեսացուի՝ հայտնի դերասան Բեն Աֆլեքի հետ։

Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը նշանադրված են եղել 2002-ից 2004 թվականներին։ Լոպեսը մի առիթով Աֆլեքից բաժանությունն անվանել է «իր կյանքի առաջին մեծ վիշտը»։ Աղբյուրը նշել է, որ Լոպեսի և Աֆլեքի հարաբերությունները երգչուհու նախկին փեսացուին զարմացրել են։