ԱՄՆ-ում սպանել են Ջասթին Բիբերի ընկերոջը՝ ռեփեր Քրիս Քինգին

Կրակել են ամերիկացի ռեփեր և Snotty Nose Records լեյբլի հիմնադիր Քրիս Քինգի վրա, դեպքը տեղի է ունեցել ԱՄՆ-ում։ Նա 32 տարեկան էր։ Այս մասին հայտնում է Billboard-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Նեշվիլում շաբաթ օրը՝ ապրիլի 20-ին, որտեղ արտիստը պետք է ելույթ ունենար փառատոնի ժամանակ: Մահից առաջ արտիստը հանգստանում էր ընկերների հետ, երբ երեք հանցագործներ փորձել են թալանել նրանց։ Քաշքշուքի ժամանակ կրակոցներ են սկսվել։

Արդյունքում վիրավորվել են ռեփերն ու նրա ընկերը։ 29-ամյա ընկերը բուժօգնություն է ստացել, իսկ Քինգը մահացել է Վանդերբիլտ հիվանդանոցում։

Նրա մտերիմ ընկերը՝ կանադացի երգիչ Ջասթին Բիբերը, արդեն արձագանքել է արտիստի մահվանը։ Instagram-ի իր սթորում արտիստը նշել է, որ սա ցավալի կորուստ էր իր համար։

«Սիրում եմ քեզ, եղբայր, ցավում եմ, խնդրում եմ, նրա ընտանիքին խնդրում եմ հիշել նրան ձեր աղոթքներում, կտեսնվենք դրախտում, եղբայր»,- գրել է երգիչը։