Անգլիական Բեդֆորդշիրի խորհուրդը ծնողներին կոչ է արել իրենց երեխաներին թույլ չտալ դիտել Netflix հոսքային ծառայության հիթ համարվող «Կաղամարի խաղը» (The Squid Game) սերիալը:
Ինչպես նշում է The Guardian-ը, պատճառը սերիալում առկա գրաֆիկական պատկերներն են ու բռնության տեսարանները:
Կենտրոնական Բեդֆորդշիրի խորհրդի կրթության հարցերով անվտանգության թիմն էլեկտրոնային փոստով նամակներ է ուղարկել ծնողներին՝ խորհուրդ տալով նրանց «զգոն լինել, քանի որ երեխաներն ու դեռահասները կրկնօրինակում են խաղերն ու բռնությունները» այդ սերիալից:
Նշվում է, որ վեց տարեկան երեխաները դպրոցական խաղահրապարակում կրկնօրինակում են սերիալում ներկայացվող ավանդական մանկական խաղերը, որոնք «Կաղամարի խաղ»-ում մահացու հետևանքներ են ունենում պարտվողների համար: Դրանում պարտք ունեցող մասնակիցները մանկական խաղեր են խաղում հանուն կանխիկ գումարի, սակայն ձախողման դեպքում նրանք գնդակահարվում են:
Հիշեցնենք, որ ռեժիսոր Հվան Ջոն Հեքի «Կաղամարի խաղը» հարավկորեական սերիալը, որը պատմում է գոյատևման դաժան խաղերի մասին, դարձել է Netflix-ի պատմության ընթացքում ամենահանրաճանաչը:
««Կաղամարի խաղը» պաշտոնապես ունի 111 միլիոն երկրպագու, ինչն այն դարձնում է մեր երբևէ ամենամեծ սերիալի մեկնարկը»,- Twitter-ում գրառում է կատարել Netflix-ը:
Պրեմիերայի օրվանից (25 օրվա ընթացքում) սերիալը 111 միլիոն դիտում է հավաքել։ Դա նշանակում է, որ «Կաղամարի խաղն» առաջ է անցել ամերիկյան «Բրիջերթոններ» սերիալից, որը ցուցադրության առաջին շաբաթների ընթացքում ընդհանուր առմամբ 82 միլիոն դիտում է հավաքել։
Հարավկորեական սերիալը Netflix-ի չարտերը գլխավորել է 90 երկրում:
Netflix հոսքային ծառայությունը գնահատում է, որ «Կաղամարի խաղը», իրեն կբերի գրեթե 900 միլիոն դոլար: