«Գարուն ա…» ֆիլմը մարտին կբարձրանա մեծ էկրաններ․ առաջին մանրամասները

Պատերազմի, սիրո, մեր օրերի նվիրյալների, միասնության, պետական մտածողության կերտման ու հայրենասիրության մասին երեք սերունդների աչքերով պատմող «Գարուն ա…» կինոնկարը, որի ռեժիսորը Ռոման Մուշեղյանն է, մեծ էկրաններ կբարձրանա մարտի 1-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փետրվարի 7-ին լրագրողների հետ հանդիպմանը Ֆիլմի գլխավոր պրոդյուսեր, գլխավոր դերակատարներից Ալեքսանդր Խաչատրյանն ասաց՝ կինոնկարը մեր մասին է, մեր՝ հայրենիքի նկատմամբ ունեցած վերաբերմունքի, հայրենասիրական դրսևորումների տեսակների մասին է: Նրա խոսքով՝ «Գարուն ա…» կինոնկարում կա հայրենիք և կա պատերազմ:

Խաչատրյանը պատմեց՝ նման ֆիլմ ստեղծելու գաղափարը ծնվել է 2015 թվականին: «Գործընկերներիս հետո խոսում էինք այն մասին, որ 2000 տարի բարոյական հաղթանակներ ենք տարել և ամեն բարոյական հաղթանակից հետո տարածքներ ենք կորցրել, իսկ Արցախյան առաջին պատերազմից հետո տարանք և՛ բարոյական, և՛ տարածքային հաղթանակ, այնինչ այդ մասին ֆիլմեր գրեթե չկան:  Որոշեցինք սցենար մշակել: Արդեն սկսում էինք աշխատանքները  ու մտածում էինք՝ եթե կրկին պատերազմ լինի, ո՞վ կգնա մարտադաշտ, ո՞վ կկռվի, որովհետև ժողովրդի մեջ հայրենասիրության, ազատության հանդեպ ոգևորություն կարծես չկար. հուսահատ էին, հիասթափված: Եվ 2016-ին Ապրիլյան քառօրյա պատերազմը տեղի ունեցավ: Մեզ համար անակնկալ էր այն, որ հայ ժողովուրդը և՛ Հայաստանում, և՛ սփյուռքում մեկ մարդու պես կանգնել է հանուն հայրենիքի: Այդ ժամանակ եկանք այն եզրակացության, որ անհրաժեշտ է ֆիլմ նկարահանել ոչ թե պատերազմի մասին, այլ համախմբվելու, հայրենասիրության մասին»,-հիշեց Խաչատրյանն ու հավելեց՝ ֆիլմի նկարահանումները սկսել են 2020 թվականի ամռանը: Բազմաթիվ տեսարաններ նկարահանվել են Դիլիջանում:

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո չեն փոխել սցենարը, քանի որ այն պետության ու պետականության նկատմամբ վերաբերմունքի մասին է, և, ըստ Խաչատրյանի, թեման այնքան հզոր էր, որ պատերազմից հետո միայն որոշ հարցադրումներ առավել են շեշտադրվել:

Ալեքսանդր Խաչատրյանը հավաստիացրեց, որ «Գարուն ա…»-ն կոմերցիոն բնույթ չի կրում: Ձգտել են մնայուն արժեք ստեղծել, նկարահանել կինոնկար, որի ուղերձի մասին հանդիսատեսը կմտածի կինոթատրոնը լքելուց հետո ևս:

Ռեժիսոր Ռոման Մուշեղյանն էլ շեշտեց, որ ֆիլմի գլխավոր հերոսներից մեկը ջութակահար է: Մուշեղյանին հետաքրքիր է եղել  արվեստագետի աչքերով պատերազմը տեսնելը, ներկայացնելը: Բարբարոսության և արվեստի միջև զուգահեռներ անցկացնելը ռեժիսոր համար հետաքրքիր է եղել: Նա նշեց՝դրական կերպարներից զատ, որոնց մարմնավորում են սիրված հայ դերասանները, ֆիլմում առկա է նաև հակահերոսը՝ ադրբեջանցի զինվորականը, որին մարմնավորել է պարսիկ դերասան Թումաջ Դանեշ Բեհզադի: «Ֆիլմի գլխավոր հերոսներից է Արամ Ամատունին՝ զորացրված սպան, որը հայրենիքի շահերը վեր է դասում  ամեն ինչից: Նա ասում է, որ հայրենիքը զուտ հողակտոր չէ, և այն սկսվում է ամեն անհատի պատասխանատվությունից, անհատի մեծ սիրուց առ հայրենիք, առ ընտանիք, առ հասարակություն: Ամատունին համոզված է՝ հենց այդ գաղափարն է, որը կարող է առողջ հասարակություն ու հզոր պետականություն ստեղծելու հիմք դառնալ»,-եզրափակեց ռեժիսորը:

Ֆիլմի սցենարիստի խոսքով՝ մարդկության պատմությունը ուղեկցվում է  պատերազմներով, և «Գարուն ա…»-ն փորձ է պատերազմ արհավիրքի միջոցով  պարզելու մեր ինքնությունը: «Այն հայրենասիրության մասին է, բայց ունի հակասություններ, որոնք մարդկանց մտածելու առիթ կտան»,-ընդգծեց սցենարիստը:

Ֆիլմի գլխավոր պրոդյուսերն Ալեքսանդր Խաչատրյանն է, պրոդյուսերը՝ Դիանա Ավետիսյանը։ Սցենարը հեղինակել է Հարություն Ղուկասյանը, օպերատորն է Սուրեն Թադևոսյանը, իսկ կոմպոզիտորը՝ Արման Էլբերտը։ Մոնտաժը՝ Միքայել Թորգոմյանի, նկարիչ՝ Տիգրան Ասատուրով։

Դերերում՝ Ալեքսանդր Խաչատրյան, Լևոն Հախվերդյան, Արմեն Մարգարյան, Մարջան Ավետիսյան, Եվա Զոհրաբյան, Շանթ Հովհաննիսյան, Ալիս Կապլանջյան, Վահագն Մարտիրոսյան, Սաթենիկ Հազարյան, Նարինե Պետրոսյան, Թումաջ Դանեշ Բեհզադի և այլք։

Կինոնկարի գլխավոր հերոսները երեքն են՝ պապ, որդի, թոռ։ Երեք սերունդ, երեք տարբեր բնավորությունների տեր մարդիկ, որոնցից յուրաքանչյուրն արտացոլում է մերօրյա հասարակության մտածելակերպը։ Պապը՝ Արամը, պրոֆեսիոնալ զինվորական է, նախկին գնդապետ, ամբողջ կյանքը նվիրել է պետականության կառուցման գործին։ Նրա որդին՝ Գնելը, ձեռներեց է. մինչ օրս չի ներում հորը հայրենիքն ընտանիքից վեր դասելու համար։ Թոռը՝ Լևոնըվիրտուոզ երաժիշտ էորը ոգեշնչվում է իր պապի գաղափարախոսությամբսակայն հերոսի կյանքում ապագան և հայրենիքի նկատմամբ պարտքը բախվում են իրար՝ ստեղծելով ֆիլմի հիմնական կոնֆլիկտը: Անսպասելի պատերազմը Հայաստանում ալեկոծում է երեք սերունդների հոգիները։ Ֆիլմի ընթացքում մենք ականատես ենք լինում մի ամբողջ ազգի ողբերգությանը՝ մի ընտանիքի պատմության միջոցով…