Ֆրանսիացի հեղինակ Դիդյե Կարոնի «Կեղծ նոտա» դրաման կհամալրի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը՝ հրավիրյալ բեմադրիչ Լևոն Ուզունյանի (Թբիլիսի, Վրաստան) ռեժիսուրայով (Թարգմանությունը՝ Ի․Պրոխորովայի և Ա․ Բրաիլովսկու): Այս մասին տեղեկանում ենք Ռուսական դրամատիկական թատրոնի մամուլի ծառայությունից։
Պիեսը կարելի է բնութագրել մեկ բառով՝ «fatum» – ճակատագիր: Այն հանցանքի և անխուսափելի պատժի, հատուցման մասին է։ Այստեղ միաժամանակ դրվում է ընտրության խնդիրը: Յուրաքանչյուր ոք ինքն է պատասխանատու իր ընտրության համար։ Եվ եթե ընտրությունը սխալ է եղել, ապա հատուցումը բումերանգի նման կհարվածի նույնիսկ ամենահայտնի և հաջողակ մարդու առավել խոցելի տեղին:
Ներկայացման դերակատարներն են ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանն ու դերասան Արմեն Արնաուտովը։ Բեմանկարչական ձևավորման հեղինակը Արթուր Հարությունյանն է, երաժշտական ձևավորումը՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վիլլի Վայների:
Ներկայացումը նախատեսված է 16+ անձանց համար: Առաջնախաղերը կկայանան ապրիլի 9, 10-ին և 23-ին: